Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողել է, որովհետևյուրաքանչյուր միջոցառում անհրաժեշտ էր անել պատեհաժամ։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Պատգամավորը նկատեց, որ քաղաքացիները արդեն տևական ժամանակ չեն հետևում ցուցումներին, դա արդեն անվստահություն է առողջապահության նախարարին։
«Յուրաքանչյուր միջոցառում անհրաժեշտ էր անել պատեհաժամ։ Սա այն հանգամանքն է, որ 1 կամ 2 օր ուշացումը կարող է լիներ ճակատագրական և այդպես էլ եղավ։ Կորոնավիրուսի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը տարածվեց ժողովրդի մեջ։ Հույս ունեմ, որ մեր քաղաքացիներն ավելի խոհեմ կգտնվեն քան Կառավարությունը, ով ժամանակին հեգնում էր վիրուսի տարածումը, իսկ հիմա խուճապի մեջ է»,- ասաց պատգամավորը։
Պատգամավորի խոսքով՝ կառավարությունը ոչ մի դեպքում չպետք է պատասխանատվությունը գցի քաղաքացիների վրա:
«Դա սեփական անկարողության ցուցադրում է, կառավարությունը պետք է ապահովի վիրուսի կանխման գործողությունները», — նշեց Մանե Թանդիլյանը:
Անդրադառնալով Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի մեծ քանակությամբ աշխատակիցների՝ ավտոբուս մուտք գործելու լուսանկարին և քննադատությանը, Թանդիլյանն ասաց. «Իսկ այդ քաղաքում կա՞ն բավականաչափ ավտոբուսներ, տեղյա՞կ է Կառավարությունը։ Այստեղ տեսնում եմ Կառավարության անկարողությունը»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







