«Քաղաքացիական պայմանագրում» քննարկում են պարտադիր զինվորական ծառայության տարիները որպես աշխատանքային ստաժ հաշվարկելու հարցը, որը նախագծի տեսքով կներկայացնեն խորհրդարան, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ իշխանությունը հրատապ ռեժիմով շարունակելու է կյանքի կոչել նաև «ամբոխահաճո» մեկ այլ նախագիծ՝ զինվորական ծառայությունը 2-ից 1,5 տարի դարձնելու վերաբերյալ։ Այն արդեն ուղարկվել է խորհրդարան և քննարկվելու է առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում։
Կառավարությունը հոկտեմբերի 30-ի նիստում հավանություն էր տվել Հայաստանում զինծառայության ժամկետը 2 տարուց 18 ամիս դարձնելու նախագծին: Հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ օրինագծի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2026-ի հունվարի 1-ից։
Մամուլը հոկտեմբերի 28-ին գրել էր, որ Գլխավոր շտաբի մեծամասնությունը դեմ է այս փոփոխությանը՝ համարելով, որ բանակի թվակազմն էականորեն նվազեցնելը մեծ ռիսկեր կառաջացնի, սակայն իշխանությունները որոշել են նախագիծը հրատապ կարգով ընդունել նախընտրական շրջանում:




































