Կառավարությունը հոկտեմբերի 30-ի նիստում հավանություն տվեց Հայաստանում զինծառայության ժամկետը 2 տարուց 18 ամիս դարձնելու նախագծին։ Ազգային ժողովում նախագծի ընդունվելուց հետո զինծառայության ժամկետը կկրճատվի 2025-ի ձմեռային զորակոչից սկսած։
Պարտադիր զինծառայության ժամկետը մինչև 18 ամիս կրճատելու հիմքում, ըստ Պաշտպանության նախարարության նախագծի, պայմանագրային ծառայության ընդլայնումն է՝ բարեփոխումների արդյունքում։
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այս համատեքստում առանձնացրել է «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որի շահառուները, նրա խոսքով, 4220 են, և այն աճի միտում ունի։
«Ծրագրի շաառուներն այն ժամկետային զինծառայողներն են, ովքեր պայմանագիր են կնքել ՊՆ-ի հետ և դառնալու են պայմանագրային զինծառայողներ՝ հինգ տարվա ծառայության ժամկետով»,- տեղեկացրել է փոխնախարարը։
Նա շեշտել է, որ ծառայության կրճատման արդյունքում ռիսկեր չեն առաջանա։
«Բոլոր ռիսկերը հաշվարկվել են, որևէ խզում տեղի չի ունենա, և այդ ամբողջ պրոցեսը կկառավարվի շատ սահուն և ընթացքը կլինի տեսանելի։ Կարծում եմ՝ որևէ խնդիր չի առաջանա»,- ընդգծել է նա։
ՊՆ-ն սեպտեմբերին օրինագիծ էր առաջարկել, որով նախատեսվում էր պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել մինչև 18 ամիս՝ 2026-ի հուլիսի 1-ից։ Հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման մասին օրինագծի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի 2026-ի հունվարի 1-ից։
Մամուլը հոկտեմբերի 28-ին գրել էր, որ Գլխավոր շտաբի մեծամասնությունը դեմ է այս փոփոխությանը՝ համարելով, որ բանակի թվակազմն էականորեն նվազեցնելը մեծ ռիսկեր կառաջացնի: Թերթը նշել էր, որ իշխանությունները, սակայն, որոշել են նախագիծը հրատապ կարգով ընդունել:

































