ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի, Բելառուսի, Չինաստանի, Մյանմայի, Պակիստանի, Ադրբեջանի և Իրանի զինծառայողներին հրավիրել է մասնակցելու «Կովկաս 2020» ռազմավարական հրամանատարա-շտաբային զորավարժություններին: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել էր, որ «Կովկաս -2020» զորավարժություններին ծրագրված է օտարերկրյա ինը պետությունների ռազմական միավորների մասնակցություն:
«Ցամաքային զորքերի կազմում համատեղ գործողությունների մշակման համար զորավարժություններին հրավիրվել են Հայաստանի, Բելառուսի, Չինաստանի, Մյանմայի և Պակիստանի ռազմական միավորները: Ադրբեջանը և Իրանը հրավիրվել են մասնակցելու Կասպից ծովի զորավարժություններին»,- արտասահմանցի ռազմական կցորդների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ֆոմինը:
Նա հավելել է, որ ուսուցումը տեղի կունենա երկու փուլով: Առաջին փուլում նախատեսվում են պայմանական ռազմաքաղաքական իրավիճակում ռազմական գործողություններ, իսկ երկրորդ փուլում՝ բազմազգ միավորների համատեղ մարտական գործողություններ:
Զորավարժությունները տեղի կունենան սեպտեմբերի 21-26-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






