ՀՀ պաշտպանության նախարարությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցոթյան պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ բանակում տիրող իրավիճակի մասին հայտարարությունները որակել է ապատեղեկատվություն։
Ըստ հայտարարության՝ զորակոչի մասին նրա տրամադրված տվյալները գաղտնի են: Միևնույն ժամանակ՝ ՊՆ-ն նշել է, որ 2025 թվականին զորակոչիկների թիվը 2022 թվականի համեմատ աճել է 25,3%-ով։
Պաշտպանության նախարարությունը նաև մերժել է այն պնդումը, որ 2024 թվականին փակ նիստում քննարկվել է թոքաբորբից զինվորի մահվան դեպքը՝ ընդգծելով, որ այդ տարի թոքաբորբից մահվան դեպք չի գրանցվել։
Նախարարությունը հավելել է, որ 2023 թվականից ի վեր՝ պատվաստումների, վաղ հայտնաբերման և բուժման շնորհիվ թոքաբորբի դեպքերը տարեկան նվազել են 8-13%-ով, իսկ ծանր դեպքերի թիվն զգալիորեն նվազել է։
«Նմանատիպ ապատեղեկատվությունը կարող է հասարակության մեջ առաջացնել անհարկի անհանգստություն և ձևավորել թյուր պատկերացում ԶՈւ-ում առկա պայմանների վերաբերյալ»,- հայտարարել է նախարարությունը՝ հավելելով, որ զինծառայողների հիգիենայի ապահովումը գերակա խնդիր է։
Կառավարությունը 2025 թվականի մայիսին հավանություն էր տվել Սարգսյանի նախագծին, ըստ որի՝ ովքեր ցանկանում են ծառայել 24 ամսից քիչ, կարող են որոշակի գումար վճարել պետբյուջե։ Սակայն ապրիլի 2-ի նիստում գործադիրը մերժել էր խորհրդարանում ներկայացված օրենքների փաթեթը, որը նախատեսում էր գումարի դիմաց զինվորական ծառայության ժամկետի կրճատում և այլ փոփոխություններ՝ պատճառաբանելով, որ դրանք ժամանակավրեպ են, կարող են խրախուսել արտագաղթը և վատթարացնել ժողովրդագրական իրավիճակը:
ԱԺ հանձնաժողովն ապրիլի 6-ին բացասական եզրակացություն էր տվել Սարգսյանի նախագծին։ Նախագիծը չէր ընդգրկվել ԱԺ նիստերի օրակարգում։
Սարգսյանն ապրիլի 6-ին մեղադրել էր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին բանակում առկա խնդիրների համար, մասնավորապես՝ ընդգծելով, որ ներկայում էլ երիտասարդները փորձում են զինծառայությունից խուսափել տարբեր ստվերային սխեմաներով: Ըստ Սարգսյանի՝ զինվորները շաբաթը մեկ անգամ են լոգանք ընդունում, ինչը խնդիրների է հանգեցնում:





































