«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարություններն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստում քննարկումներ և անհանգստություն են առաջացրել իշխանության տարբեր օղակներում, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Սարգսյանը մեղադրել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին իր կողմից առաջարկված «գումարով զինծառայությունից» ազատման օրենսդրական նախագիծը տապալելու մեջ՝ ակնարկելով, որ իրեն թիրախավորում են վարչապետի հետ ունեցած մտերիմ հարաբերությունների պատճառով։
Ստեղծված իրավիճակում, ըստ պարբերականի, իշխող խմբակցությունը բաժանվել է մի քանի թևի։ Պատգամավորների մի մասը պաշտպանում է Սարգսյանին, մյուսները գտնում են, որ նախընտրական փուլում նման հայտարարություններն անթույլատրելի են։
Իշխանական պատգամավորը, որը չի ընդգրկվել ՔՊ-ի նախընտրական ցուցակում, լրագրողներին ասել էր, որ կատարել է վարչապետի ելույթից բխող աշխատանքները։ Սարգսյանը մեղադրել էր նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին բանակում առկա խնդիրների համար, մասնավորապես՝ ընդգծելով, որ ներկայում էլ երիտասարդները փորձում են զինծառայությունից խուսափել տարբեր ստվերային սխեմաներով: Ըստ Սարգսյանի՝ զինվորները շաբաթը մեկ անգամ են լոգանք ընդունում, ինչը խնդիրների է հանգեցնում: Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն արձագանքել էր, որ զինվորների սանիտարահիգիենիկ հարցերով ինքը չի զբաղվում։
Օրաթերթի փոխանցմամբ՝ թիմի ներսում ձևավորվել է նաև մի խումբ, որը պնդում է Սիմոնյանի ու ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի քաղաքական պատասխանատվության հարցը՝ կուսակցական ներքին կայունությունը խաթարող գործընթացներ հրահրելու համար։
Կառավարությունը 2025 թվականի մայիսին հավանություն էր տվել Սարգսյանի նախագծին, ըստ որի՝ ովքեր ցանկանում են ծառայել 24 ամսից քիչ, կարող են որոշակի գումար վճարել պետբյուջե։ Մեկ ամսվա ծառայության դեպքում վճարը պետք է լիներ 24 մլն դրամ (62,5 հազար դոլար), իսկ 4 ամսվա ծառայության համար՝ 18 մլն դրամ (46,8 հազար դոլար)։
Կառավարությունն ապրիլի 2-ի նիստում մերժել էր խորհրդարանում ներկայացված օրենքների փաթեթը, որը նախատեսում էր գումարի դիմաց զինվորական ծառայության ժամկետի կրճատում, զորակոչի տարիքը 27-ից 37-ի բարձրացում, ինչպես նաև քաղաքացիությունից դուրս գալու համար պետական տուրքի կտրուկ թանկացում՝ պատճառաբանելով, որ այս փոփոխությունները ժամանակավրեպ են, կարող են խրախուսել արտագաղթը և վատթարացնել ժողովրդագրական իրավիճակը:
ԱԺ հանձնաժողովն ապրիլի 6-ին բացասական եզրակացություն էր տվել Սարգսյանի նախագծին։ Նախագիծը չէր ընդգրկվել ԱԺ նիստերի օրակարգում։



























