Ծափաթաղից անհետ կորած և 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրան Օվանեսովի հորը նոր մեղադրանք է առաջադրվել։
Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել են, որ ֆիզիկական ներգործության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթը միացվել է երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթին:
ՔԿ-ից հավելել են, որ նշանակված փորձաքննությունների եզրակացությունը դեռևս չի ստացվել:
Երեքամյա Տիգրանը կորել էր հոկտեմբերի 27-ին։ ՔԿ-ն նրա անհետացման դեպքի առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Նոյեմբերի 2-ին երեխայի մարմինը հայտնաբերվել էր Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում։ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ Տիգրանին հայրն է խեղդամահ արել։ Ըստ այդ նույն տվյալների՝ երեխան եղբոր հետ դուրս էր եկել տնից, հետո նրանք հորն էին հանդիպել, և վերջինս սպանել էր Տիգրանին։
ՔԿ-ն հայտնել էր, որ Տիգրանի սպանության դեպքի առթիվ մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանություն, պատժվում է ազատազրկմամբ 14-20 տարի ժամկետով կամ ցմահ): Վերջինս 2 ամսով կալանավորվել էր:






































