ԱՄՆ-ի առաջարկած «խաղաղության ծրագիրն» Ուկրաինային թողնում է երկու տարբերակ՝ էական զիջումներ կամ հնարավոր կապիտուլյացիա առաջիկա ամիսներին, գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նա նշել է, որ «28 կետանոց» փաստաթղթի մասին արտահոսած տեղեկատվությունը ենթադրում է Կիևի համար անվտանգության երաշխիքներ՝ էական սահմանափակումների դիմաց:
Մասնագետը մանրամասնել է` ծրագիրը նախատեսում է Ղրիմի և Դոնբասի փաստացի ճանաչում որպես ռուսական տարածքներ, Խերսոնում և Զապորոժիեում շփման գծի երկայնքով իրավիճակի սառեցում, Ուկրաինայի զինված ուժերի սահմանափակում մինչև 600 000 անձնակազմով և ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման դադարեցում Ուկրաինայի տարածքում:
Սուրենյանցը կարծում է, որ Վաշինգտոնն ստեղծում է մոդել, որտեղ իր անվտանգության երաշխիքները չեզոքացվում են Կիևի համար տարածքային, ռազմական և արտաքին քաղաքականության սահմանափակումներով:
Նա ընդգծել է, որ Ժնևի բանակցություններից հետո ԱՄՆ-ի և Ուկրաինայի համատեղ հայտարարության մեջ խոսվում էր «կառուցողական մթնոլորտի» և «զգալի առաջընթացի» մասին, սակայն ծրագրի հիմնական տարրերը չեն բացահայտվել: Քաղաքագետի համոզմամբ՝ սա ցույց է տալիս, որ ամենազգայուն հարցերը մնում են չլուծված և քննարկվում են փակ դռների հետևում:
Եվրոպական երկրները, նրա խոսքով, զգուշավոր են այս նախաձեռնության նկատմամբ՝ այն համարելով Ռուսաստանի տարածքային ձեռքբերումների փաստացի օրինականացում, Ուկրաինայի պաշտպանունակության թուլացում և միջազգային իրավունքում վտանգավոր նախադեպ ստեղծելու ռիսկ։ Ավելին, նրա կարծիքով, ԱՄՆ-Ռուսաստան համաձայնագրերի վրա շեշտադրումը ԵՄ-ին դուրս է մղում գործընթացի ծայրամաս։
Սուրենյանցի խոսքով՝ Ուկրաինայի ներսում իրավիճակը շարունակում է լարված մնալ. տարածքային զիջումները կարող են լուրջ քաղաքական ճգնաժամ առաջացնել, քանի որ հասարակությունը պատրաստ չէ կորուստների գնով խաղաղության։
«Ուկրաինայի իշխանությունը կանգնած է պատերազմի շարունակման սահմանափակ ռեսուրսների և խաղաղության բարձր գնի միջև։ Ուկրաինան, մեծ հաշվով, այլընտրանք չունի․ մի քանի ամիս անց երկիրը կարող է կանգնել առավել կոշտ լուծման, կապիտուլյացիայի վտանգի առաջ»,- եզրափակել է քաղաքագետը։
ԶԼՄ-ները նոյեմբերի 21-ին ներկայացրել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 28 կետից բաղկացած ծրագրի մանրամասները, որը նախատեսում է Ռուսաստանի կողմից ուկրաինական որոշակի տարածքների ճանաչում, ուկրաինական բանակի նկատմամբ սահմանափակումներ, մի քանի գոտու ապառազմականացում և Կիևի կողմից օտարերկրյա զորքերի տեղակայումից հրաժարում: Որոշ կետեր վերաբերում են ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակին և կանոնիկ Ուկրաինական ուղղափառ եկեղեցուն: Փաստաթուղթը նաև անվտանգության երաշխիքներ է տրամադրում Ուկրաինային:
Կիևն զգուշորեն էր արձագանքել Թրամփի հայտարարություններին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պահն անվանել էր երկրի պատմության «ամենադժվարներից մեկը» և զգուշացրել, որ Կիևը կանգնած է «արժանապատվության կորստի» և «հիմնական գործընկերոջը կորցնելու ռիսկի» միջև ընտրության առաջ։
Իր հերթին՝ Մոսկվան հայտարարել էր, որ նախաձեռնությունը նոր գաղափարներ չի պարունակում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել էր, որ ծրագիրը կարող է օգտագործվել որպես հիմք ապագա բանակցությունների համար:





































