Դիտորդները մի շարք ընտրախախտումներ են արձանագրել Վաղարշապատ համայնքում, հայտնել է «Թաթոյան» հիմնադրամի «Իրավունքի և արդարադատության կենտրոնը»։
Կենտրոնը ներկայացրել է դիտորդական առաքելության նախնական արդյունքներն այցելությունից հետո։ Դիտորդներն այցելել են բոլոր 47 ընտրատեղամասերը։
Նշվում է, որ շարժական դիտորդական խմբերը գրանցել են ընտրատեղամասերի աշխատակիցների կողմից ընտրողների վրա ազդեցության, քվեարկության գաղտնիության խախտման ու տրամադրված և օգտագործված քվեաթերթիկների քանակի միջև անհամապատասխանության դեպքեր։ Դիտորդները նաև նկատել են մարդկանց կուտակումներ ինչպես քվեարկության խցիկների, այնպես էլ քվեատուփերի մոտ։
Քվեարկությանը մասնակցող անձանց կողմից քվեարկության անցկացման կարգի չիմացության հետևանքով թույլ են տրվել ընտրության կարգի տարբեր խախտումներ, օրինակ՝ չօգտագործած քվեաթերթիկների դուրսբերում քվեախցից, քվեաթերթիկի ոչ ճիշտ տեղադրում ծրարի մեջ և այլն։ Առանձին արձանագրված դեպքերում հանձնաժողովի նախագահներն արձագանքել են և տեղում վերացրել խախտումները։ Որոշ դեպքերում հանձնաժողովի անդամները հրաժարվել են ներառել արձանագրված խախտումը գրանցամատյանում։
Որոշ ընտրատեղամասերի մոտ առկա էին մեծ թվով անձանց կուտակումներ, որոնք չեն պահպանել սահմանված թույլատրելի հեռավորությունը։ Նշվում է, որ արձանագրվել են նաև դեպքեր, որոնք ինքնին խախտումներ չեն, բայց կարող էին, ընդհանուր առմամբ, ազդել ընտրությունների վրա, օրինակ՝ ընտրատեղամասերից մեկի հոսանքազրկումը, պարբերաբար մեծ խմբերով (8-10 անձ) ընտրատեղամասեր ներկայանալը և այլն։
Կենտրոնը հայտնել է, որ «Թաթոյան» հիմնադրամի դիտորդները կհետևեն նաև քվեաթերթիկների հաշվարկի գործընթացին։
Վաղարշապատում նոյեմբերի 16-ին անցկացվել են ավագանու և համայնքի ղեկավարի ընտրություններ։ ԿԸՀ-ն հայտնել է, որ ընտրություններին մասնակցությունը կազմել է 45,12%: ՆԳՆ-ն ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացել է 10 ահազանգ։
Ընտրությանը մասնակցել է ութ քաղաքական ուժ, դրանց թվում են՝ Խաչիկ Մանուկյանի գլխավորությամբ «Հայրենիք» կուսակցությունը, Սևակ Խաչատրյանի գլխավորած «Հաղթանակ» դաշինքը, որը միավորում է «Առաջ» և ՀՅԴ կուսակցությունները, Արգիշտի Մեխակյանի առաջնորդած ցուցակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Վահրամ Ազատյանի առաջնորդությամբ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Մայր Հայաստան» ազգային-ժողովրդավարական կուսակցությունը՝ համայնքապետի թեկնածուն՝ Գրիշա Հարությունյան, Արկադի Փայտյանի գլխավորությամբ «Ժառանգություն» կուսակցությունը, Հարություն Մկրտչյանի առաջնորդությամբ «Հանրապետություն» կուսակցությունը և «Համահայկական ճակատ» կուսակցությունը՝ ցուցակի առաջին համարը՝ Արտեմ Սիմոնյան։




































