Նոյեմբերի 16-ին Վաղարշապատում տեղի ունեցած ընտրություննների ընթացքում 20։00-ի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 10 ահազանգ, հայտնել է ՆԳՆ-ն։
Կառույցից նշել են, որ այլ անձի փոխարեն քվեարկելու 1, ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրացմանը խոչընդոտելու 2 դեպքով կազմվել է 3 հաղորդում և ուղարկվել Քննչական կոմիտե։
Մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումներն ստուգման փուլում են։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն նշված ժամանակահատվածում ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք է ստացել 61 անձ, իսկ ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ Վաղարշապատ համայնքում (ձև N9) ստացել է 56 անձ։
Վաղարշապատ խոշորացված համայնքում նոյեմբերի 16-ին համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են:
Ընտրությանը մասնակցում է ութ քաղաքական ուժ, դրանց թվում են՝ Խաչիկ Մանուկյանի գլխավորությամբ «Հայրենիք» կուսակցությունը, Սևակ Խաչատրյանի գլխավորած «Հաղթանակ» դաշինքը, որը միավորում է «Առաջ» և ՀՅԴ կուսակցությունները, Արգիշտի Մեխակյանի առաջնորդած ցուցակով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Վահրամ Ազատյանի առաջնորդությամբ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Մայր Հայաստան» ազգային-ժողովրդավարական կուսակցությունը՝ համայնքապետի թեկնածուն՝ Գրիշա Հարությունյան, Արկադի Փայտյանի գլխավորությամբ «Ժառանգություն» կուսակցությունը, Հարություն Մկրտչյանի առաջնորդությամբ «Հանրապետություն» կուսակցությունը և «Համահայկական ճակատ» կուսակցությունը՝ ցուցակի առաջին համարը՝ Արտեմ Սիմոնյան։






































