Վարդենիսի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Հունանյանը նոյեմբերի 4-ին կանչվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու կարգապահական հանձնախմբին, հայտնել է քահանան։
Նա հրապարակել է հանձնախմբից ստացած գրությունը, որում նշվում է՝ հրավիրվել է ծառայության վայրն ինքնակամ լքելու, Հովհաննավանքում կարգազուրկ Ստեփան Ասատրյանի կողմից հոկտեմբերի 26-ին բեմականացված արարողությանը մասնակից լինելու և հակաեկեղեցական հայտարարություններ անելու համար։
Այսօր ավելի վաղ Մայր Աթոռից Armeia Today-ին հայտնել էին, որ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թադե քահանա Թախմազյանի ու Տեր Տարոնի կարգապահական հարցերն ընդգրկված են Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբի օրակարգում։
Թախմազյանը քաղաքացիերին հրավիրել էր Հովհաննավանք՝ մասնակցելու նոյեմբերի 2-ին կարգալույծ քահանա Ասատրյանի՝ արդեն 2-րդ ծեսին, որին մասնակցել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թախմազյանը, մասնավորապես, նշել էր, որ կողմ է Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ քահանա-խմբ.) «արդար ձայնին»։
Տեր Տարոնն իր աջակցությունն էր հայտնել կարգալույծ Ասատրյանին, «ապօրինի» որակել նրան կարգալույծ հռչակելու որոշումը, մասնակցել նրա ծեսին։ Նա չէր բացառել, որ կարող է մասնակցել «Մայր Աթոռն ազատագրելու» իշխանությունների գործընթացին։
Կարգալույծ քահանան Փաշինյանի, կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ ծեսեր էր մատուցել հոկտեմբերի 26-ին և նոյեմբերի 2-ին։ Դրանց նախորդել էր հոգևորականների կալանքների երկրորդ ալիքն Ասատրյանի՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ «ընդդիմության 2021-ի ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարությունից հետո, որի վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել։
Փաշինյանը նոյեմբերի 2-ի ծեսից հետո հայտարարել էր, որ նոյեմբերի 9-ին կմասնակցի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագին, որը կանցկացնի Թախմազյանը։
Կարդացեք նաև՝





































