Թուրքիա կատարած այցի ընթացքում Հռոմի պապ Լևոն XIV-ը կայցելի Պոլսո Հայոց պատրիարքության ենթակայության տակ գտնվող հայկական եկեղեցի, հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։
Այցելությունը նախատեսված է նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը, և կլինի Հռոմի պապի առաջին առաքելական ճանապարհորդությունն Իտալիայից դուրս։ Այցը համընկնում է Նիկիայի առաջին ժողովի 1700-ամյակին։
Սուրբ Անդրեաս Առաջինի տոնին՝ նոյեմբերի 30-ին, Հռոմի պապն օրը կսկսի Հայկական տաճարում աղոթքով, այնուհետև կմասնակցի Սուրբ Գևորգ պատրիարքական եկեղեցում մատուցվող Սուրբ պատարագին, իսկ էկումենիկ օրհնությունից հետո կճաշի Տիեզերական պատրիարքի հետ։
Օգոստոսի 10-ին Հռոմի պապը ողջունել էր օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը։ Հոկտեմբերի 17-ին Հռոմի պապը հանդիպել էր Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ և քննարկել Վատիկանի և Բաքվի միջև հարաբերությունների, Հարավային Կովկասում խաղաղության հարցը։





































