Հռոմի պապ Լևոն XIV-ն Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ քննարկել է Վատիկան-Բաքու հարաբերությունները, հայտնում է Vatican News-ը։
Ըստ պորտալի՝ կողմերը գոհունակություն են հայտնել առկա երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման կապակցությամբ, մասնավորապես՝ մշակութային համագործակցության ոլորտում, և բարձր են գնահատել կաթոլիկ եկեղեցու աշխատանքը երկրում։
Նրանք անդրադարձել են Հարավային Կովկասում արդար և երկարատև խաղաղություն հաստատելու անհրաժեշտությանը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևան, նշելով, որ Հեյդար Ալիևի հիմնադրամը վերջին տարիներին լայնածավալ վերականգնողական աշխատանքներ է իրականացրել Սուրբ Աթոռի հետ, հայտարարել է, որ հիմնադրամը, «ներդնելով նոր նախաձեռնություններ, կընդլայնի համագործակցությունը Սուրբ Աթոռի հետ»։ Նա նաև Հռոմի պապին հրավիրել է Ադրբեջան։
Լևոն XIV-ը հետաքրքրություն է հայտնել Բաքվի հետ նախագծերը շարունակելու հարցում և շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին երկրորդ կաթոլիկ եկեղեցու կառուցման նպատակով հող հատկացնելու համար։ Հռոմի պապը կատարած աշխատանքների համար շնորհակալություն է հայտնել նաև Հեյդար Ալիևի հիմնադրամին։






































