Իրանում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը վերահաստատել է, որ Հայաստանը փոխադարձաբար հաշվի է առնում Իրանի կենսական շահերը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Կոստանյանն Իրանում հանդիպումներ է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի, ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի, ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի և միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի, ինչպես նաև Իրանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մեհդի Սանայիի հետ:
Ըստ գերատեսչության՝ Կոստանյանը նաև շեշտել է, որ Հայաստանը կարևորում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ Իրանի հետևողական և հրապարակային դիրքորոշումը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը նախաստորագրելու և երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը միտված վերջին առաջընթացի կապակցությամբ Իրանի շնորհավորանքն ու աջակցությունը:
Կոստանյանի և Վելայաթիի հանդիպման ժամանակ վերջինս քննադատել է «արտատարածաշրջանային երկրներին», որոնց ներկայությունը, նրա խոսքով, անկայունություն է առաջացնում, հաղորդում է IRNA-ն։ Նա զգուշացրել է, որ «Իրանի ազգային անվտանգությանը սպառնացող ցանկացած գործողություն կարժանանա համարժեք պատասխանի»։ Գերագույն առաջնորդի խորհրդականը նաև աջակցություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմանը և ընդգծել Իրանի հանձնառությունը Երևանի և Բաքվի միջև խաղաղությանը։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները օգոստոսի 8-ին Սպիտակ տանն ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղ կարգավորման հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է նաև ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։ Կողմերը նախաստորագրել էին նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին ուղերձով: Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Armenia Today-ի թղթակցի հարցին՝ Սյունիքը Իրանի վրա հարձակումների հարթակ դառնալու ռիսկերի մասին տարածաշրջանով անցնող ճանապարհը ԱՄՆ-ին վարձակալության տալու դեպքում, ասել էր, որ բացառում է նման ռիսկերը և ընդգծել, որ օգոստոսի 8-ին Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հետ ստորագրված խաղաղության ցանկության և Սյունիքով անցնող ճանապարհի մասին հռչակագրում ռազմական բաղադրիչ չկա:
Օգոստոսի 10-ին Իրանի իշխանությունները հայտնել էին, որ Սյունիքով անցնող միջանցքի նախագիծը, որը համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից, հաշվի է առնում Թեհրանի հիմնական պահանջները։ Միևնույն ժամանակ, Իրանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել էր, որ տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ներկայություն կարող է բացասաբար անդրադառնալ խաղաղության և կայունության վրա, բայց ընդհանուր առմամբ, ողջունել համաձայնագրի ստորագրումը:
Մինչ այդ, սակայն, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ Թեհրանը կխոչընդոտի ամերիկյան, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը, ինչը, ըստ նրա, կհանգեցնի Հայաստանի «քայքայմանը»:






































