ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է հեռու մնան կաթողիկոսից, բայց եկեղեցին էլ պետք է զգաստանա, իր 100-օրյա պաշտոնավարման մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
«Փաշինյանն ընդհանրապես կաթողիկոսից պետք է հեռու մնա, դա իր գործի բանը չի, ոչ էլ ՔՊ-ի բանն է, բայց որ պետք է եկեղեցին էլ զգաստանա, էդ փաստ է։ Կապրենք՝ կտեսնենք»,- նշել է նա։
Քաղաքապետը հայտնել է, որ շատ բացասական է վերաբերվում նաև Բագրատ և Միքայել սրբազանների կալանքին։
«Ես մեղադրանքին ծանոթ չեմ։ 65 տարեկան մարդ եմ՝ առաջին անգամ տեսա, որ եպիսկոպոս կալանավորեն։ Մեկ էլ 37 թվականին էր, որ մենք լսել ենք նման բան»,- հիշեցրել է Ղուկասյանը։
Պաշտոնյան անդրադարձել է նաև «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանքին և նրա հետ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ համագործակցելու հնարավորությանը։
«Ես Կարապետյանի մասով բան չեմ կարող ասել․ իր ապրած կյանքը, իր աշխատանքը հարգանքի արժանի են։ Ինքն այսօր առաջնային դեր է խաղում, որ այդքան հնարավոորություն է ստեղծել, ոչնչից դարձել է միալիարդատեր, և գրպանն էլ կարած չէ, ազգի համար շատ բան է արել»,- նշել է Ղուկասյանն ու շեշտել, որ դեռևս ընտրություններին մասնակցելու շուրջ որոշում չունի։
Նա պարզաբանել է, որ վարչապետի թեկնածություն կդնի այն դեպքում, եթե տեսնի, որ չկա այլ համապատասխան մարդ։
«Եթե ժողովուրդը վստահի, ինձանից պահանջի, ասի՝ հայի տղա ես, լավ տղա ես, արի ստանձնի, պետք է կյանքդ դնել՝ կյանքդ դիր, ես այդ ժամանակ նոր պատրաստ կլինեմ իմ երկրին ծառայելու ու ամեն ինչ անելու։ Ու ես պատրաստ եմ ու կարող եմ»,- շեշտել է Գյումրու քաղաքապետը։
Իրավապահ մարմինները հունիսի 25-ի և 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Գալստանյանին ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման 14 աջակցի։ Աջապահյանը մեղադրվում է իշխանության բռնազավթման հրապարակային կոչեր հնչեցնելու, իսկ Գալստանյանը և «Սրբազան պայքարի» աջակիցները՝ պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։ Բոլոր կալանավորվածները չեն ընդունում մեղադրանքը:
2025 թվականի հուլիսի 4-ին Երևանում անցկացվել էր երթ՝ հաջակցություն կալանավորված «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի։ Այնուհետև Կարապետյանն իր ուղերձում հայտարարել էր, որ պատրաստ է դուրս գալ պայքարի ճանապարհ՝ հանուն հայրենիքի և համախմբել ժողովրդին արմատապես նոր ուժի շուրջ։ «Տաշիր» խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը տեղեկացրել է, որ Սամվել Կարապետյանն է դառնալու այդ ուժի ղեկավարը:
Կարդացեք նաև՝