Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Դատարանի կողմից Սրբազանին ձերբակալելու պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի:
Փաստաբանի խոսքով՝ Միքայել Սրբազանը չի ընդունել մեղադրանքը:
Զոհրաբյանը շեշտել է, որ մեղադրանքն ակնհայտ անհիմն է և չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշները:
«Ձերբակալման փորձերի և հարցաքննության այս ամբողջ ընթացքը զուգորդվում էր Նիկոլ Փաշինյանի ոչ կոռեկտ և նախաքննությանն ու դատարանին ուղղորդող գրառումներով»,- գրել է փաստաբանը:
Աջապահյանի նկատմամբ հունիսի 26-ին քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (հանրային քրեական հետապնդում այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է հնչեցրել: Պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև հինգ տարի ժամկետով)։
Հունիսի 27-ին ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ էին իրականացրել Շիրակի թեմի առաջնորդարանում և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նստավայրում։
Ուժայինները երկու ժամ ժամանակ էին տվել Աջապահյանին, որպեսզի ինքնակամ ներկայանա իրենց մոտ, հակառակ դեպքում՝ նրանք սպառնացել էին վերադառնալ և ուժային գրոհ սկսել Վեհարանի վրա։ Աջապահյանը համաձայնել էր ներկայանալ իրավապահ մարմիններին և ապացուցել իր նկատմամբ հարուցված գործի անօրինականությունը։
ՔԿ-ում քննչական գործողություններ իրականացնելու ընթացքում Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը արքեպիսկոպոսի գրավոր հայտարարությունն էր հրապարակել, որով խնդրել էր իրեն վարչապետի թեկնածու չդիտարկել։ Զոհրաբյանը նաև հայտնել է, որ արքեպիսկոպոսը բերման է ենթարկվել իշխանության զավթման գործով։
Հունիսի 25-ին իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործի շրջանակում մեկ տասնյակից ավել մարդ կալանավորել էր երկու ամիս ժամկետով, այդ թվում՝ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Գալստանյանը։






































