Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է արել լինել լինել եկեղեցու կողքին և հայտարարել է, որ օրինական բոլոր միջոցների կիրառմամբ պայքարելու է եկեղեցու և եկեղեցականների իրավունքների պաշտպանության համար։
Մայր Աթոռը հունիսի 27-ն անվանել է «հայ ժողովրդի նորագույն պատմության ազգային ամոթի օր»։
Նշվում է, որ շինծու հիմքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրավապահ մարմինների ներկայացուցիչները մուտք են գործել Մայր Աթոռի տարածք՝ նպատակ ունենալով ձերբակալել և բռնի ուժով բերման ենթարկել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Այդ ընթացքում մեծածավալ ուժերով արգելափակվել են Մայր Աթոռի մուտքերը և խափանվել համայն հայության հոգևոր կենտրոնի բնականոն կյանքը։ Արհեստական խոչընդոտներ են հարուցվել նաև դեպի Վաղարշապատ և Սուրբ Էջմիածին ուղևորվողների համար, ընդհուպ՝ անցկացվել են ստուգումներ։
«Խստորեն դատապարտում ենք նախաձեռնված հակաեկեղեցական գործողությունները և գնահատում որպես անարգանք հայոց հոգևոր կենտրոնի՝ Սրբություն սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ, այլև հավատացյալների հոգևոր զգացումներին հասցված ծանր վիրավորանք»,- ասվում է հայտարարության մեջ։
Շեշտվում է նաև, որ ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ իշխանության տարբեր ներկայացուցիչների հռետորաբանությունից ակնհայտ է, որ ծրագրավորված այս գործողությունն իշխող ուժի եկեղեցահալած քաղաքականության հերթական դրսևորումն է։
«Երբեք հնարավոր չէր պատկերացնել, որ հայրենի իշխանություններն ունակ են նման դավադիր հարված հասցնել հայոց հնագույն ազգային հաստատությանը՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն այնպես, ինչպես նույնիսկ չեն վարվել ժամանակի օտար տիրապետողներ»,- շեշտել են Մայր Աթոռից։
Աջապահյանի նկատմամբ հունիսի 26-ին քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարելու մեղադրանքով (Պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև հինգ տարի ժամկետով)։
Նույն օրն ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ էին իրականացրել Շիրակի թեմի առաջնորդարանում և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նստավայրում։
Ուժայինները երկու ժամ ժամանակ էին տվել Աջապահյանին, որպեսզի ինքնակամ ներկայանա իրենց մոտ, հակառակ դեպքում՝ նրանք սպառնացել էին վերադառնալ և ուժային գրոհ սկսել Վեհարանի վրա։ Աջապահյանը համաձայնել էր ներկայանալ իրավապահ մարմիններ և ապացուցել իր նկատմամբ հարուցված գործի անօրինականությունը։
ՔԿ-ում քննչական գործողություններ իրականացնելու ընթացքում Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը արքեպիսկոպոսի գրավոր հայտարարությունն էր հրապարակել, որով խնդրել էր իրեն վարչապետի թեկնածու չդիտարկել։ Զոհրաբյանը նաև հայտնել է, որ արքեպիսկոպոսը բերման է ենթարկվել իշխանության զավթման գործով։
Հունիսի 25-ին իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործի շրջանակում մեկ տասնյակից ավել մարդ կալանավորել էր երկու ամիս ժամկետով, այդ թվում՝ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Գալստանյանը։






































