ՆԳՆ-ից հաստատել են ՔԿ-ի դիմացից քաղաքացիների ձերբակալությունը, որտեղ այս պահին հավաքվել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի աջակիցները:
Մինչ այդ Աջապահյանն իրավապահների ու փաստաբանների ուղեկցությամբ մտել է ՔԿ շենք։
«Մի խումբ անձինք քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել և տեղափոխվել են համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ»,– Armenia Today-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը` անդրադառնալով հարցին, թե քանի՞ անձ է ՔԿ տարածքից բերման ենթարկվել։
Սակայն խոսնակը չի հստաեցրել բերման ենթարկվածների թիվը։
Իրավապահների և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի աջակիցների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել, որից հետո մի շարք քաղաքացիներ բերման են ենթարկվել։
Ձերբակալություններ են տեղի ունեցել նաև Էջմիածնից Երևան շարժվող ավտոշարասյան երթի ընթացքում, տեղեկացրել է News.am -ի տելեգրամյան ալիքը։ Ըստ աղբյուրի՝ արքեպիսկոպոսի աջակիցները մեքենաներով շարժվում էին դեպի ՔԿ շենք։ Տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ոստիկանները ուժ կիրառելով դուրս բերում մարդկանց մեքենաներից և բերման ենթարկում։
Աջապահյանի նկատմամբ հունիսի 26-ին քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով (Պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև հինգ տարի ժամկետով)։
Հունիսի 27-ին ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ էին իրականացրել Շիրակի թեմի առաջնորդարանում և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նստավայրում։
Ուժայինները երկու ժամ ժամանակ էին տվել Աջապահյանին, որպեսզի ինքնակամ ներկայանա իրենց մոտ, հակառակ դեպքում՝ նրանք սպառնացել էին վերադառնալ և ուժային գրոհ սկսել Վեհարանի վրա։ Աջապահյանը համաձայնել էր ներկայանալ իրավապահ մարմիններին և ապացուցել իր նկատմամբ հարուցված գործի անօրինականությունը։
ՔԿ-ում քննչական գործողություններ իրականացնելու ընթացքում Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը արքեպիսկոպոսի գրավոր հայտարարությունն էր հրապարակել, որով խնդրել էր իրեն վարչապետի թեկնածու չդիտարկել։ Զոհրաբյանը նաև հայտնել է, որ արքեպիսկոպոսը բերման է ենթարկվել իշխանության զավթման գործով։
Հունիսի 25-ին իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործի շրջանակում մեկ տասնյակից ավել մարդ կալանավորել էր երկու ամիս ժամկետով, այդ թվում՝ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Գալստանյանը։






































