Արմավիրում անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին,
հայտարարել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով մայիսի 1-ին սոցցանցում ոստիկանների մասնակցությամբ տարածված տեսանյութին։
«Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են Արմավիր քաղաքի բնակչի տուն, ներկայացրել քննիչի որոշումը, ինչից հետո տվյալ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք»,- մանրամասնել է խոսնակը։
Սարգսյանը պարզաբանել է, որ դրանից հետո ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ և նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։
«Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունն ուսումնասիրվում է ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից»,- հավելել է խոսնակը։
Այսօր ավելի վաղ փաստաբան Արա Ղարագյոզյանը
հայտնել է, որ
Հոկտեմբերյանի ոստիկանության կողմից իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվել է բռնություն։
«Տուժողի խոսքով՝ ոստիկաններն իրեն նախ բռնության են ենթարկել իրենց տանը, ապա տարել ոստիկանություն, որտեղ շարունակել են ծեծել և բերանը փակել սկոչով։
Տուժողը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն»,- ահազանգել է փաստաբանը։