Ռումինիայում տեղի ունեցած Եվրոպայի պատանիների առաջնությունում 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը երկրորդ ֆանտաստիկ հաղթանակն է գրանցել, տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Մեր մարզիկը երկրոդ հաղթանակն է տոնել Եվրոպայի առաջնությունում` այս անգամ պարզապես ջաղջախելով բռնցքամարտում հարուստ ավանդույթներ ունեցող Անգլիայի ներկայացուցչին։
Հայ բռնցքամարտիկը 5 անգամ նոկդաունի է ենթարկել Ջոն Ռիչարդսոնին ու հաղթել ժամանակից շուտ։ Ֆեդերացիայից հայտնում են, որ հուլիսի 24-ին ասպարեզ դուրս եկած մեր բոլոր 4 բռնցքամարտիկները հաղթանակներ են գրանցել։ 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը հսկայական առավելություն է ունեցել էստոնացի մրցակցի նկատմամբ․ երկրորդ ու երրորդ ռաունդերում բոլոր մրցավարները 10։8 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ մարզիկին։ Գեղեցիկ ու տպավորիչ հաղթանակ է գրանցել նաև Սպարտակ Նահապետյանը․ 57 կգ քաշային հայ մարզիկը մրցել է ալբանացի Բույար Հեկուրի հետ ու պարզապես շնչելու հնարավորություն չի տվել մրցակցին: 54 կգ քաշային Տիգրան Մակիչյանը, մրցելով Մոնտենեգրոն ներկայացնող Դանիլո Մարկովիչի հետ, նոկդաունի է ենթարկել նրան ու հաղթել 10:8 հաշվով։
Հուլիսի 23-ին Ռումինիայի Եվրոպայի պատանիների առաջնությունում Ալիկ Կճոյանը 5։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի բռնցքամարտիկ Ասլանլի Կանանին։ Հուլիսի 23-ին հայտնել էինք նաև, որ առաջնությունում Հայաստանը ներկայացնող հայ մարզիկներ Արեն Խառատյանը, Տիգրան Հովսեփյանը և Ռուստամ Նամոյանը հաղթել էին մրցակիցներին։