ՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նախընտրական արշավի վրա երկրի ազդեցության մասին հրապարակման տվյալները։ Գերատեսչությունը «կազմակերպված սադրանք» է անվանել լատվիական ԶԼՄ-ի հրապարակումը ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցների մասին, որոնք, ինչպես պնդվում էր, խորհրդարանական ընտրություններից առաջ ուղարկվել էին Հայաստան:
«Հոդվածը պետք էր, որպեսզի ընտրություններից առաջ «հոգեբանական ճնշում գործադրվի ռուս դիվանագետների վրա և վախեցնի հայ հասարակայնությանը»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Եվրոպայում հրապարակվող պարբերականը, գերատեսչության կարծիքով, փորձում է վարկաբեկել հայկական ընդդիմությանը և Հայաստանի կառավարությանն ուղղված ցանկացած քննադատություն ներկայացնել որպես «ռուսական հատուկ ծառայությունների ձեռքի գործ»:
Պարբերականի հրապարակման մեջ հիշատակվում էին «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: Պարբերականը պնդում էր, որ Սամվել Կարապետյանի անձնագրային գործում առկա էր «ИЦ ФСБ» (ԱԴԾ տեղեկատվական կենտրոն) նշումը: Կարապետյանն այդ տեղեկատվությունն անվանել էր կեղծ, իսկ նյութը՝ ՀՀ վարչապետ «Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործ»:
Նարեկ Կարապետյանը, իր հերթին, չէր հաստատել ռուսական քաղաքացիության առկայության մասին տեղեկությունները: Հայաստանի ԿԸՀ-ն վերահաստատել էր, որ գրանցման ժամանակ ստուգել էր թեկնածուների փաստաթղթերը:





































