«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հերքել է ФСБ-ի հետ իր հնարավոր կապերի մասին լուրերը՝ նշելով, որ ինքը ռուսական անձնագիր է ստացել ոչ թե 1999 թվականին, ինչպես պնդում էր կայքը, այլ 1993-1994 թվականներին։ Ճեպազրույցն ուղիղ հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
Մեկնաբանելով հրապարակումը, որտեղ առանց աղբյուրներ նշելու հեղինակները պնդում են, որ Կալուգայում անձնագրի համար դիմելու ժամանակ Կարապետյանի գործում իբր որպես «աշխատնքի վայր» նշված էր «ФСБ-ի տեղեկատվական կենտրոնը», Կարապետյանը պնդել է, որ նյութը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պատվիրված է։
«Փաշինյանի ձեռքի գործն է»,- նշել է՝ հավելելով, որ եթե ինքը լրտես է, միայն ՀՀ-ի համար է լրտեսություն անում:
Կարապետյանն, իր հերթին, մեղադրել է Փաշինյանին ռուսական հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու մեջ:
«Եթե մեր երկրում որևէ մեկը կապված է ФСБ-ի հետ, դա Փաշինյանն է»,- եզրափակել է նա:
«Ուժեղ Հայաստան» դաշինքի քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հրապարակումն անվանել է «նոնսենս» և «պատվիրված հոդված»։ Նա նույնպես շեշտել է, որ տեղեկատվությունը հրատարակությանը ՀՀ «իշխանական շրջանակների» կողմից է տրամադրվել և դա պարզապես հորինվածք է։
«Աշխարհում կա ֆոտոշոփ»,- եզրափակել է Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով նյութին կից հրապարակված լուսանկարին։
Նա ընդգծել է, որ Կարապետյանների ընտանիքում «երբեք ուժային ծառայող չի եղել»։
Նարեկ Կարապետյանը նաև մեղադրել է իշխանություններին կեղծ տեղեկատվության վրա պետական ռեսուրսներ վատնելու մեջ և ընդգծել, որ այդ միջոցները պետք է ուղղվեն սոցիալական խնդիրների, հատկապես՝ գյուղերում խմելու ջրի ապահովմանը։
The Insider-ն ավելի վաղ հոդված էր հրապարակել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր ռուսական ազդեցության մասին։ Հոդվածում հիշատակվում էին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Հղում անելով արտահոսած տվյալների բազաներին՝ հրատարակությունը պնդում էր, որ 1999 թվականին Կարապետյանի անձնագրի գործում նշվել է «ФСБ-ի տեղեկատվական կենտրոն»։
























