Իշխանությունները որոշել են ժամանակավոր դադարեցնել քննադատել Հայ առաքելական եկեղեցու (ՀԱԵ) ղեկավարությանը և հոգևոր թեմայի շուրջ խոսույթը, ինչն ասվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներքին քննարկումների ժամանակ, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Ներքին հարցումները ցույց են տվել, որ եկեղեցին շարունակում է մնալ երկրի ամենաբարձր վստահություն վայելող կառույցը, ասված է հրաարակման մեջ:
Այս պատճառով իշխող թիմին հրահանգվել է մինչև հունիսի 7-ի ընտրություններ օրակարգից հանել նախընտրական ծրագրի այն դրույթները, որոնք վերաբերում են կաթողիկոսի փոփոխությանը և եկեղեցական բարեփոխումներին։
Ըստ թերթի՝ նման մարտավարությունը նպատակ ունի խուսափել նախընտրական ռիսկերից։ Հակաեկեղեցական ծրագրերի իրագործմանը նախատեսվում է վերադառնալ միայն քվեարկության ավարտից և հնարավոր հաղթանակից հետո։
Իր նախընտրական ծրագրում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել էր նաև Հայ Առաքելական եկեղեցուն հարկելու և կառուցվածքը բարեփոխելու մտադրության մասին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի գարնանից պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը: Հունվարի 5-ին Փաշինյանն ու մի խումբ հոգևորականներ ստորագրել էին ՀԱԵ «բարեփոխումների ճանապարհային քարտեզը», որը նախատեսում է կաթողիկոսի հրաժարականը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր չէ հեռանալ։
Փետրվարին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով դադարեցվել էր Մայր Աթոռի կողմից նշանակված բանակային սպասավորների ծառայությունը։ Նուբարաշենում և Վանաձորի ՔԿՀ-ում հոգևոր ծառայություն մատուցող քահանաներն ապրիլին հայտարարել էին, որ իրենց մուտքը կալանավայրեր արգելվել է:




































