ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցին հարկային դաշտ բերելու իշխանությունների մտադրության մասին:
Բացի այդ, Փաշինյանը նշել է, որ եկեղեցականները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները:
«Մենք ասում ենք, որ պարտավորվում ենք, որ այդ վճարված, հավաքագրված հարկերը 100%-ով անվերապահորեն կվերադարձնենք եկեղեցուն, դեռ մի բան էլ ավելին, ըստ անհրաժեշտության՝ նաև լրացուցիչ ֆինանսավորում կապահովենք, այդ թվում՝ սոցիալական երաշխիքների ձևով և այդպես շարունակ»,- նշել է նա։
Փաշինյանի համոզմամբ՝ եկեղեցին խուսափում է «ստվերից դուրս գալուց», պետության և ժողովրդի առջև հաշվետու լինելուց:
«Եկեղեցին հենց ժողովուրդն է, այլ ոչ թե Կտրիչ Ներսիսյանը։ Կաթողիկոսը պարզապես պետք է գտնվի եկեղեցու ներսում, սակայն երբեք չի կարող նույնացվել դրա հետ, քանի որ եկեղեցին, նախևառաջ, հավատացյալ հանրությունն է»,- ընդգծել է նա։
Վարչապետը նաև քննադատել է եկեղեցական որոշ շրջանակների՝ մեղադրելով նրանց «Հայաստանի շահերը պաշտպանելու փոխարեն երկրի ներսում հօգուտ այլ պետությունների գործելու մեջ»։
Փաշինյանը 2025 թվականի գարնանից պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը: Հունվարի 5-ին Փաշինյանն ու մի խումբ հոգևորականներ ստորագրել էին ՀԱԵ «բարեփոխումների ճանապարհային քարտեզը», որը նախատեսում է կաթողիկոսի հրաժարականը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր չէ հեռանալ։
Փետրվարին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով դադարեցվել էր Մայր Աթոռի կողմից նշանակված բանակային սպասավորների ծառայությունը։ Նուբարաշենում և Վանաձորի ՔԿՀ-ում հոգևոր ծառայություն մատուցող քահանաներն ապրիլին հայտարարել էին, որ իրենց մուտքը կալանավայրեր արգելվել է:


































