Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի, մահացել է 6 մարդ, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն»,- տեղեկացնում են գերատեսչությունից:
Նշվում է, որ մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
ՀՀ ՆԳՆ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ապրիլի 10-ին Աղինի մոտակայքում ավտովթարի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 3 մարդ։ Բախվել էին BMW և Opel մակնիշների ավտոմեքենաներ։
Ավելի ուշ Քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել են, որ ավտովթարի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության, տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 5 տարի ժամկետով- խմբ․)։
News.am-ը գրել է, որ վթարի հետևանքով զոհերից 4-ը Ջրառատ գյուղից էին, նույն ընտանիքի անդամներ։ Ջրառատի գյուղապետ Սևակ Խաչատրյանը հայտնել է, որ զոհվածներից մեկն իր հորեղբոր տղան էր։
Թարմացված է՝ 10.04.2026 | 16:54






































