Մեծ Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում ռեզիդենտ պաշտպանական կցորդ է նշանակել, հայտնում է Երևանում Միացյալ Թագավորության դեսպանատունը: Պաշտոնը զբաղեցրել է մայոր Թոմաս Շորլենդ Բոլը։
Դիվանագիտական ներկայացուցչությունն այդ քայլը որակել է պատմական և նշել, որ այն արտացոլում է Լոնդոնի և Երևանի միջև ամրապնդվող գործընկերությունը: Դեսպանության գնահատմամբ՝ ռեզիդենտ պաշտպանական կցորդի նշանակումը կնպաստի պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության հետագա խորացմանը:
Օգոստոսին Հայաստանը և Մեծ Բրիտանիան պայմանավորվել էին երկկողմ հարաբերությունների մակարդակը բարձրացնել մինչեւ ռազմավարական գործընկերություն: Համաձայնությունը ձեռք էր բերվել ռազմավարական երկխոսության երկրորդ փուլի ընթացքում, որը տեղի էր ունեցել Երևանում։






































