Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ 29-րդ նիստին, որն անցկացվել է հեռավար: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։
Նիստի ընթացքում քննարկվել են Հիմնադրամի կառավարման և գործունեության հետ կապված հարցեր:
«Արդեն իսկ առիթ եմ ունեցել ասելու, որ որպես «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ խորապես մտահոգ եմ, որ մեր հայրենակիցների և բարեկամների կողմից հիմնադրամին նվիրաբերված գումարը կառավարությանը փոխանցելու պատճառով որոշ անհանգստություն և դժգոհություն է առաջացել հիմնադրամի գործունեության վերաբերյալ, որն արտահայտվել է և՛ գրավոր, և՛ բանավոր, և՛ նույնիսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առանձին անդամների կողմից: Հիշյալ փաստը նաև շահարկումների առիթ է դարձել:
Փորձելու ենք ձեզ հետ միասին շատ կոնկրետ և պրակտիկ պատասխաններ գտնել և լուծել հարցը, որպեսզի հիմնադրամը կարողանա և՛ շարունակել իր գործունեությունը, և՛ իրագործել այն կարևոր ծրագրերը, որոնց համար ստեղծված է: Ամեն ինչ պետք է անենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ վստահությունը լինի բյուրեղային և որևէ ձևով վտանգված չլինի»,- ասել է Սարգսյանը և հավելել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է լինի կասկածներից, շահարկումներից վեր կառույց։
Նախագահը միևնույն ժամանակ կոչ է արել բոլորին՝ մի կողմ դնել բոլոր քաղաքական, անձնական և այլ հետաքրքրություններն ու հարցերը և նպատակ ունենալ կայացնել կշռադատված որոշումներ, որոնք նպաստելու են հիմնադրամի նկատմամբ վստահության վերականգնմանը։
Հիշեցնենք, որ արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամին է տրամադրվել շուրջ 170 միլիոն դոլար: Ավելի ուշ Հիմնադրամը 52 միլիարդ 703 միլիոն դրամ է փոխանցել կառավարությանը ՝ պայմանով, որ այդ միջոցներն օգտագործվելու են ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծրագրերի ֆինանսավորման համար:
Այս հանգամանքը կասկածներ առաջացրեց, որ այդ միջոցները անտեղի են ծախսվել, և որոշ դեպքերում դրանք պարզապես անհետացան. խոսքը գնում է 9-11 միլիոն դոլարի մասին, որը կանխիկացվել է։
Հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը երեկ մամուլի ասուլիսում ասել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Արմեն Սարգսյանը պետք է կառավարությունից պահանջի Հիմնադրամին վերադարձնել 107 միլիոն դոլարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







