«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը տեղի ունեցավ ս.թ. մարտի 15-ին, անցավ կառուցողական մթնոլորտում, և հոգաբարձուների խորհուրդը վստահություն հայտնեց, որ պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել։
Որոշվեց հոգաբարձուների խորհրդի անդամներից ստեղծել աշխատանքային խումբ, որը կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության և ներգրավված այլ կողմերի հետ՝ պատերազմի ընթացքում հավաքագրված և օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով։
Հոգաբարձուների խորհուրդը հետամուտ կլինի, որպեսզի փարատվեն հավաքագրված գումարների օգտագործման հետ կապված բոլոր կասկածները և ապահովվի հանրության վստահությունը։ Հոգաբարձուների խորհուրդը ևս մեկ անգամ իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ Հայաստանին և Արցախին ցուցաբերվող շարունակական աջակցության եւ նվիրվածության համար»։
Հայաստան համահայկական հիմնադրամից հայտնում են նաև, որ նիստի ընթացքում քննարկվել են 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում Հիմնադրամի կողմից սոցիալական, առողջապահական և ենթակառուցվածքների ոլորտի հրատապ կարիքները հոգալու նպատակով Հայաստանի Հանրապետությանը փոխանցված դրամական միջոցների, ինչպես նաև Արցախի 2021թ. վերակառուցման ծրագրերի հարցերը:
Բացման խոսքով է հանդես եկել ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը: Քննարկված առաջին հարցի վերաբերյալ հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որից հետո ծավալվել է կառուցողական քննարկում:
Արցախում իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ ելույթ է ունեցել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, որը ներկայացրել է արդեն կատարված աշխատանքները, ինչպես նաև արցախահայության հրատապ կարիքները: Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրել է սոցիալական, կրթական, բնակարանաշինության, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի շարք քայլեր, որոնց նպատակն է Արցախի բնակչության առկա կարիքների բավարարումը և տեղահանվածների սոցիալական ու բնակարանային հարցի լուծումը: Որոշում է կայացվել ծրագրերի առավել մանրամասն նկարագրությունները փոխանցել հոգաբարձուների խորհրդի դիտարկմանը և մոտ ապագայում հաստատել Արցախի վերաշինման ծրագրային ուղղությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







