Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտը: Այս մասին հաղորդում է ՀՀ Վարչապետի մամուլի ծառայությունը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրել է ընթացիկ տարում զբաղվածության ապահովման, աշխատանքի խրախուսման, նպաստների համակարգի արմատական բարելավման, տարեցների և երեխաների խնամքի կազմակերպման կենտրոնների բարեփոխման, թափուր աշխատատեղերի համալրման, սոցիալական աջակցության ոլորտներում իրականացված և ընթացիկ աշխատանքները:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է վերոնշյալ ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և մի շարք հանձնարարականներ տվել հետագա անելիքների մասով: Մասնավորապես, խոսելով նպաստների համակարգի կատարելագործման մասին՝ կառավարության ղեկավարը նկատել է, որ այդ համակարգը պետք է հնարավորինս խրախուսի աշխատանքը, ինչպես նաև կարևոր է քաղաքացիների պատշաճ, շարունակական իրազեկումը բարեփոխման արդյունքում ստեղծվող հնարավորությունների մասին:
Քննարկվել է նաև երեխաների խնամքի կենտրոնների հետ կապված հարցը: Վարչապետն այս առումով կարևորել է պատշաճ կրթության ապահովման խնդիրը:
Նիկոլ Փաշինյանը նաև հանձնարարել է շարունակել աշխատանքը «կեղծ» նպաստառուների հայտնաբերման, կենսաթոշակների՝ անկանխիկ վճարման գործընթացի շրջանակի ավելացման, աշխատանքի և սոցիալական ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառումն ընդլայնելու ուղղությամբ, ինչպես նաև «Աշխատիր Հայաստան» ծրագրի արդյունավետ և նպատակային իրականացման ուղղությամբ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առջև դրվեց խնդիր` մինչև տարեվերջ ներկայացնելու ոլորտի զարգացման ռազմավարությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







