Նոյեմբերի 6-ին Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատի ճեմասրահում կայացել է մամուլի ասուլիս՝ նվիրված Արցախյան ազատամարտի հերոսների մասին պատմող, Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կողմից բեմադրվող «Լուսաբացից առաջ» ներկայացմանը:
Ներկայացումը բեմադրվել է Հերմինե Ավագյանի «Պատերազմ, աչքեր, ծաղիկներ» գրքի հիման վրա, որում հեղինակն ամփոփել է պատերազմով անցած մի ողջ սերնդի մտքերը, զգացողություններն ու հուշերը:
Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրող ռեժիսոր Ռուզան Խաչատրյանը նշել է, որ 3 տարուց ավելի է, ինչ ձգտում է Արցախյան թեմայով որևէ ստեղծագործություն ունենալ թատրոնի խաղացանկում և, ծանոթանալով նախորդ տարի հրապարակված «Պատերազմ, աչքեր, ծաղիկներ» գրքին, որոշել է այն բեմականացնել:
Պատասխանելով ներկայացումը Արցախից դուրս բեմադրելու մասին Armenia Today-ի հարցին, Ռուզան Խաչատրյանը նշել է, որ ներկայացման հաջողությունը մեծապես կախված է Արցախյան հանդիսատեսի կարծիքից: «Թեման համահայկական է, խոսվում է հայության պայքարի մասին և ամեն ինչ արվում է, որ ներկայացումը սիրվի: Իհարկե, ծրագրեր կան այլ բեմերում ցուցադրելու առումով, բայց դեռ վաղ է խոսել Հայաստանի և Սփյուռքի հանդիսատեսի համար ցուցադրության մասին»,- ասել է Ռուզան Խաչատրյանը:
Ներկայացումը նախատեսվում է ցուցադրել դեկտեմբերի 5-7-ը՝ Ստեփանակերտում:
«Լուսաբացից առաջ» ներկայացմանն աջակցում են Համազգային Հայ կրթական և մշակութային միությունը, ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը, «Ղարաբաղ Տեկելոմ» ընկերությունը և մի շարք ընկերություններ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







