ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա հետ փոխկապակցված անձանց առնչվող քրեական վարույթով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք է կիրառվել, նույն վարույթով ձերբակալվածներից 3-ը կալանավորվել է, ևս մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել։
Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց բացակայելու արգելք կիրառելու մասին Armenia Today-ը տեղեկացել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանից։ Փաստաբանի խոսքով՝ որոշումը բողոքարկվելու է, քանի որ, իր գնահատմամբ, այն պատճառաբանված և հիմնավորված չէ։
Միևնույն ժամանակ՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ը տեղեկացել է, որ վարույթով, այս պահին, ընդհանուր առմամբ, 4 կալանավորված կա, ևս մեկի նկատմամբ տմային կալանք է կիրառվել։ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, 4 կալանավորվածի թվում է, նրա խափանման միջոցի մասին ավելի վաղ էինք հայտնել։
Ավելի ուշ Քոչարյանի կրտսեր որդին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, հայտնել է, որ հորն առնչվող գործով վերոնշյալ կալանավորվածների թվում նույն ընտանիքի երեք անդամ կա՝ մայրը և երկու դուստրը, տնային կալանք է կիրառվել ընտանիքի հոր՝ Արամայիս Ոսկանյանի նկատմամբ։
Նրա խոսքով՝ կալանավորված դուստրերից մեկն ունի երեք երեխա, որոնցից երկուսն անչափահաս են։ Քոչարյանն իրավապահների գործողություններն անվանել է «ապօրինի»՝ պնդելով, որ գործը հարուցվել էր դեռ 2018 թվականին և դրանում նոր հանգամանքներ չկան։
Քոչարյանների բնակարաններում և նրանց հետ փոխկապակցված ընկերություններում օգոստոսի 25-ին իրականացված խուզարկություններից հետո Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանները ձերբակալվել էին։ Կապարակնքվել էին նաև Քոչարյանին առնչվող ընկերություններ, ձերբակալվել էր 4 նախկին ու ներկա տնօրեն։
Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել իր պաշտոնավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Սեդրակ Քոչարյանին՝ նույն տարիներին առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու հոդվածներով։
Նույն քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև Սարգսյանը։ Նրան մեղադրում են Քոչարյանի կառավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Գործով անցնում են նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։
Իրավապահների գործողություններին նախորդել էր օգոստոսի 24-ին ԱԺ-ում Քոչարյանի կրտեր որդու՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանավեճը։ Քոչարյանը Փաշինյանի հասցեին օգտագործել էր «պիղծ դավաճան» ձևակերպումը։ Ի պատասխան՝ Փաշինյանը հարցրել էր, թե ի՞նչ միջոցներով է Քոչարյանների ընտանիքը միլիոնատեր դարձել և հայտարարել, որ «ժողովրդի հաշվին» ձեռք բերվածը պետք է վերադարձվի պետությանը։
Նախկին նախագահի գրասենյակն օգոստոսի 25-ի խուզարկությունները որակել էր «իշխանությունների հերթական գրոհը» Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ։ Քոչարյանի թիմակիցները խուզարկությունները կապել էին Փաշինյանի նախորդ օրվա հայտարարությունների հետ՝ դրանք գնահատելով որպես «ուղիղ հրահանգ իրավապահներին»։ Ռոբերտ Քոչարյանն այս պահին կալանքի տակ չէ, նրան ՀԿԿ-ից տեղափոխել էին հիվանդանոց։
Թարմացված է՝ 26.08.2026 | 15:40
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






