Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը միտված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտորիտար կառավարման ամրապնդմանը և նրա իշխանության հավերժացմանը, հայտարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա գնահատմամբ՝ իշխանությունները նոր Սահմանադրությամբ ոչ միայն բավարարում են Անկախության հռչակագրի, պետական խորհրդանիշների և Հայոց ցեղասպանության ճանաչումից նահանջի վերաբերյալ Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջները, այլև Հայաստանում ներդնում ադրբեջանական կառավարման մոդել։
«Այդ տեքստը որքան հեռու է հայկական լինելուց, նույնքան, և գուցե ավելին, հեռու է ժողովրդավարությունից։ Սա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ»,- հայտարարել է նախկին նախագահը։
Քոչարյանի գնահատմամբ՝ պարտադրանքով նման Սահմանադրության ընդունումը կհանգեցնի ոչ միայն ազգային արժանապատվության կորստի, այլև կզրկի Հայաստանը որպես պետություն վերականգնվելու և կայանալու հնարավորությունից։
Նախկին նախագահն ընդգծել է, որ նախագծի ընդունումն անընդունելի է նույնիսկ Անկախության հռչակագրին հղումը վերականգնելու դեպքում։
«Այս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ։ Նույնիսկ եթե մի հրաշքով իշխանությունները որոշեն վերականգնել Անկախության հռչակագրին հղումը, նման սահմանադրության ընդունումը բացարձակ անընդունելի է»,- հայտարարել է Քոչարյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







