Գերմանիայի Քյոլնի և Բոնի օդանավակայանում անօդաչուի հայտնաբերման պատճառով նոյեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը շուրջ երկուսուկես ժամ դադարեցվել է բոլոր թռիչքներն ու վայրէջքները, հայտնում է գերմանական dpa գործակալությունը՝ հղում անելով օդանավակայանի ներկայացուցչին։
Գործակալության տվյալներով՝ անօդաչուն նկատել են օդանավակայանի տարածքի վերևում նոյեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 22։00-ից քիչ առաջ։ Գերմանիայի օդային երթևեկության կառավարման ծառայությունը ստուգել է իրավիճակը և մոտավորապես ժամը 00։30-ին թույլատրել վերսկսել թռիչքները։
Ավիացիոն aeroTELEGRAPH պարբերականը, ուսումնասիրելով Flightradar24 ծառայության տվյալները, հայտնում է, որ այլ օդանավակայաններ են ուղղորդվել ժամանող 32 չվերթ, որոնցից 15-ը՝ ուղևորատար, 17-ը՝ բեռնատար։ Առավել շատ չվերթներ վերաուղղորդվել են Eurowings և UPS ավիաընկերություններից՝ համապատասխանաբար ութ և հինգ։
Ինքնաթիռներն ընդունել են, մասնավորապես, Հանի, Դյուսելդորֆի, Բրյուսելի, Հանովերի և Ֆրանկֆուրտի օդանավակայանները։ Մի շարք այլ չվերթեր իրականացվել են ուշացումով։
Թե ով է կառավարել անօդաչուն և ինչ նպատակով է այն հայտնվել օդանավակայանի մոտ, հրապարակված տեղեկություններում չի պարզաբանվում։ Օդանավակայանի և օդային երթևեկության կառավարման ծառայության ներկայացուցիչները դեպքի հանգամանքների մասին լրացուցիչ մանրամասներ չեն հայտնել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







