ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է քրեակատարողական ծառայողներին թմրամիջոցների հայտնաբերման թեստ հանձնելուց հրաժարվելու համար ազատել ծառայությունից։ Համապատասխան փոփոխություններ են առաջարկվում «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, տեղեկանում ենք e-draft հարթակից։
Նախագիծը հեղինակած Արդարաատության նախարարությունն առաջարկում է նաև ՔԿՀ ծառայողների համար սահմանել բժշկական ստուգում անցնելու, փորձանմուշ կամ ախտորոշիչ թեստ հանձնելու պարտականություններ, դրանցից հրաժարվելու կամ սահմանված պահանջները խախտելու դեպքում՝ կարգապահական պատասխանատվություն։
Նախագծերի հիմնավորման համաձայն՝ գործող օրենսդրությամբ նման պարտականություններ և դրանք չկատարելու համար պատասխանատվություն սահմանված չեն։ Հստակեցված չեն նաև այն կարգապահական խախտումները, որոնց դեպքում կարող է դադարեցվել ծառայությունը։
Փոփոխություններով առաջարկվում է ՔԿՀ ծառայողների նկատմամբ ևս որոշ վարչական իրավախախտումների համար կիրառել կարգապահական պատասխանատվություն, ինչպես ոստիկանության, ազգային անվտանգության և մի շարք այլ մարմինների ծառայողների դեպքում։
Ծառայությունը դադարեցնելու որոշումն անվավեր ճանաչվելու դեպքում աշխատակիցը կվերականգնվի պաշտոնում հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ ստանալով նաև հարկադիր պարապուրդի հատուցում, նշված է նախագծում։
Առաջարկվում է նաև արդարադատության նախարարին վերապահել ծառայողական քննությունների անցկացման կարգը հաստատելու լիազորությունը, իսկ քննություն իրականացնող անձին՝ փորձաքննություն նշանակելու իրավասությունը։
Նախագիծը շրջանառության մեջ կմնա նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 4-ին հայտնել էր, որ թմրամիջոցների օգտագործման ստուգումների դրական արդյունքների պատճառով ՆԳՆ համակարգից ազատվել է 23 ծառայող՝ ոստիկանության 21 և Փրկարար ծառայության 2 աշխատակից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



