Թուրքիայում Վրաստանի դեսպան Արչիլ Կալանդիային նոյեմբերի 27-ին կանչել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ Բաթումիում թուրքական «Բեշիքթաշի» և իսրայելական «Հապոելի» միջև ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած անկարգությունների պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին։
Դիվանագետին ներկայացրել են միջադեպերի վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը։ Թուրքական կողմը պահանջել է հետաքննություն անցկացնել և պատասխանատվության ենթարկել Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելու համար մեղավոր անձանց։
Բաթումիում նոյեմբերի 26-ին Եվրոպա լիգայի հանդիպումն ընդհատվել էր առաջին խաղակեսում՝ տրիբունաներում տեղի ունեցած անկարգությունների պատճառով։
Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ հանդիպումից առաջ «Բեշիքթաշի» ֆուտբոլիստները հրաժարվել էին սեղմել մրցակիցների ձեռքը։ Հանդիպման ընթացքում թուրք երկրպագուները պարզել էին Պաղեստինի դրոշը, ինչը, ենթադրաբար, երկրպագուների և ոստիկանների միջև բախումների պատճառ էր դարձել։
Բաթումիի ոստիկանությունը հայտնել էր 16 անձի ձերբակալության մասին։ Ավելի ուշ բոլորին ազատ էին արձակել։
Վրաստանի ՆԳՆ-ն նոյեմբերի 27-ին հայտնել էր, որ բախումների հետևանքով երեք ոստիկան է վիրավորվել, 16 մարդ՝ ձերբակալվել։ Աջարիայի կառավարության ղեկավար Զուրաբ Պատարաձեն Թուրքիայի դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ թուրք երկրպագուները քարեր, շշեր և բութ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ինչպես նաև վնասել քաղաքային ենթակառուցվածքները։ Հանդիպումը շուրջ 30 րոպե տևած ընդմիջումից հետո վերսկսվել է և ավարտվել թուրքական ակումբի՝ 2։1 հաշվով հաղթանակով։
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) դատապարտել է հանդիպման ժամանակ տեղի ունեցած անկարգությունները և կարգապահական հետաքննություն կանցկացնի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







