ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գործով վկա Տիգրան Պետրոսյանը նոյեմբերի 27-ի դատական նիստում հայտարարել է, որ Գյումրիի «Սև բերդը» ձեռք բերելու նախաձեռնությունը Հայկ Հայրապետյանինն էր՝ իր ընկերոջը, որը մտադիր էր այնտեղ համերգասրահ ստեղծել։ Դատական նիստը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube ալիքով։
Պետրոսյանի խոսքով՝ Հայրապետյանը խնդրել էր անշարժ գույքը ձևակերպել իր անունով, քանի որ ինքը Ռուսաստանի քաղաքացի էր։
«Ասեց՝ որպես իմ ընկեր, իմ եղբայր՝ արի քո անունով անենք»,- պատմել է նա
Վկան հիշել է, որ ընկերոջ հետ այցելել է բերդ, որն այդ ժամանակ անմխիթար վիճակում էր։ Նրա հիշելով՝ բերդն այցելելուց մինչև գործարքի կնքումը շուրջ երկու ամիս է անցել։
«Իր միտքը ծագեց, որ, ասենք, այդտեղ կարելի է համերգի սրահ բացել, սարքել»,- պատմել է վկան։
Պետրոսյանը հայտնել է, որ առուվաճառքի պայմանագիրը ստորագրել է Երևանի կենտրոնում գտնվող նոտարական գրասենյակներից մեկում։ Նա չի հիշել անշարժ գույքի արժեքը և չի կարողացել նշել, թե ով է ներկայացրել վաճառող կողմին։
Վկան նաև պատմել է, որ Հայրապետյանին ուղեկցել է մի շենքի մոտ, որը պաշտպանական կողմը հարցաքննության ընթացքում ներկայացրել է որպես Աշտարակի խճուղում գտնվող պաշտպանության նախարարության նախկին շենք։ Պետրոսյանն ինքը մնացել է դրսում։
Հարցին, թե արդյոք Հայրապետյանը պատմել է այն ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սարգսյանի կամ նրա տեղակալի հետ հանդիպման մասին, վկան բացասական պատասխան է տվել։ Նրա խոսքով՝ ընկերն իրեն միայն հայտնել է պայմանավորվածություն ձեռք բերելու մասին։
Մեղադրող դատախազը մատնանշել է Պետրոսյանի՝ դատարանում և նախաքննության ընթացքում տված ցուցմունքների միջև առկա հակասությունները և միջնորդել հրապարակել 2020 թվականի հարցաքննության համապատասխան հատվածը։
Հրապարակված ցուցմունքի համաձայն՝ Պետրոսյանը Հայրապետյանի հետ այցելել է պաշտպանության նախարարություն, որտեղ մի քանի փաստաթուղթ է ստորագրվել։ Վկան հայտարարել է, որ չի հիշում, թե ինչ փաստաթղթեր են ստորագրվել։
Պետրոսյանը նաև հայտնել է, որ Հայրապետյանի մահից հետո նրա ընտանիքը որոշել է վաճառել բերդը։ Ընկերոջ եղբոր խնդրանքով նա Գյումրիում ստորագրել է անհրաժեշտ փաստաթղթերը։ Վկան չի կարողացել նշել գործարքի արժեքը և գնորդի անունը։
Դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմը դատարանին խնդրել է քննարկել տուժող կողմի ներկայացուցչի դատավարական վարքագծի հարցը։ Փաստաբանի խոսքով՝ վերջինս բազմիցս չի ներկայացել դատական նիստերին և չի պարզաբանել բացակայության պատճառները։
Պաշտպանական կողմը նաև հայտնել է մեկ այլ քրեական գործին առնչվող փաստաթղթերը տուժող կողմի ներկայացուցչի կողմից ստանալու հանգամանքները պարզելու մտադրության մասին։ Դատարանը չի բացառել հետագայում այդ հարցին անդրադառնալու հնարավորությունը։
Հաջորդ դատական նիստը դատարանը նշանակել է 2027 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 15:00-ին։ Դատավորը հայտնել է, որ վկաների հարցաքննությունը շարունակելու կապակցությամբ Սարգսյանի ներկայությունը պարտադիր է։ Որպես պահուստային օր՝ կողմերը քննարկել են հունվարի 22-ը։
Սարգսյանի նկատմամբ հուլիսին հանրային քրեական հետապնդում էր սկսվել Գյումրիի «Սև բերդ» ամրոցի ենթադրյալ ապօրինի օտարման գործով։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որը պատժվում է մինչև 8 տարի ազատազրկմամբ։
Քննչական կոմիտեն Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր այս տարվա հուլիսին Գյումրի քաղաքի «Սև բերդ» ամրոցն ապօրինի օտարելու գործի շրջանակում։
Գործը վերաբերում է Սարգսյանի՝ ՀՀ պաշտպանության նախարար աշխատելու ժամանակահատվածին (2000-2007)։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի առավելագույն ժամկետով):
ՔԿ-ի վարկածով՝ Սարգսյանը 2005 թվականի մայիսի 11-ին ուղղակի վաճառքով 22 միլիոն 951 հազար դրամով ֆիզիկական անձի է օտարել հանրապետական նշանակության պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող ամրոցը և փոխկապակցված 0,7 հեկտար հողամասը: Այն չի ընդգրկվել օտարման ոչ ենթակա հուշարձանների պետական ցուցակում։
Հակակոռուպցիոն դատարանը հոկտեմբերի 2-ին մերժել էր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը՝ միաժամանակ վերացնելով նրա նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը։ Սա Սարգսյանի դեմ դատարան ներկայացված քրեական հինգերորդ գործն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







