Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, երկրորդ օրն անընդմեջ անդրադառնում է Երևանի և Վիեննայի քաղաքային տնտեսության կառավարման տարբերություններին։ Այս անգամ նա խոսել է ձնամաքրման աշխատանքների կազմակերպման մասին։
Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Վիեննայի կենտրոնական փողոցներից, որտեղ առաջին ձյունից հետո, նրա խոսքով, ձնամաքրման աշխատանքներն իրականացվել են գիշերվա ընթացքում։ Հրապարակված կադրերում երևում են ձյունից մաքրված փողոցները։
«Ո՛չ մի խուճապ, ո՛չ մի խցանում, ո՛չ մի անհարմարություն, ո՛չ մի դիսկոմֆորտ»,- ասել է Հակոբյանը։
Նա համեմատել է նաև երկու քաղաքների բնակչության թվաքանակը՝ ընդգծելով, որ Վիեննայում ավելի շատ մարդ է ապրում, քան Երևանում։ Նրա խոսքով՝ 2 մլն բնակիչ ունեցող Վիեննան ամսական ևս 2 մլն զբոսաշրջիկ է ընդունում։
«Ինչպե՞ս են տեղավորվում՝ մենք չենք կարող անգամ կռահել, ինչպե՞ս է դա կազմակերպվում՝ չենք կարող անգամ հեռավոր մեր մտքի ծայրում պատկերացում ունենալ»,- շեշտել է Հակոբյանը։
Հակոբյանը նոյեմբերի 26-ին Վիեննայից հրապարակել էր առաջին ձյան մասին տեսանյութ՝ ընդգծելով, որ տեղումները քաղաքում տրանսպորտային կոլապս չեն առաջացրել։ Նա ակնարկել էր Հայաստանում նման իրավիճակներում առաջացող խնդիրների մասին՝ առանց Երևանն ուղղակիորեն հիշատակելու։
Երևանի քաղաքային խնդիրներին Հակոբյանն առաջին անգամ անդրադարձել էր նոյեմբերի 10-ին՝ տեսանյութում քննադատելով շինարարական աշխատանքների հետևանքով առաջացած խցանումները։ Նա կոչ էր արել շենքերի կառուցմանը զուգահեռ զարգացնել ճանապարհային ենթակառուցվածքները։ Նրա խոսքով՝ քաղաքում մի կետից մյուսը հասնելու համար «տիեզերագնացի առողջություն» է պահանջվում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 16-ին պատասխանել էր քննադատներին՝ հայտարարելով, որ խցանումների մասին խոսողները չեն պատկերացնում համակարգային խնդիրը։ Քաղաքապետը ավտոմեքենաների թվի աճը բացատրել էր տնտեսության զարգացմամբ և բնակչության եկամուտների ավելացմամբ։ Ավինյանը նաև հայտնել էր, որ մինչև 2030 թվականը նախատեսվում է պիկ ժամերին հանրային տրանսպորտով ուղևորության տևողությունը կրճատել առնվազն 30%-ով՝ ընդլայնելով առանձնացված երթևեկելի գոտիների ցանցը և թարմացնելով ավտոբուսային պարկը։
Ամբողջական տեսանյութը՝ Armenia Today-ի YouTube ալիքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







