Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարման հարցերով հայ-ռուսական աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 27-ին՝ նախորդի համեմատ ավելի նեղ կազմով, Armenia Today-ին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։
Հարությունյանը չի հստակեցրել հանդիպման օրակարգը՝ շեշտելով, որ այն որոշում են կողմերը՝ փակ նիստի շրջանակում։ Հաջորդ հանդիպման ժամկետը ևս կորոշվի քննարկման արդյունքում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին հայ-ռուսական աշխատանքային խումբ էր ստեղծել «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու նպատակով։
Խումբը գլխավորում է ՏԿԵ նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը։ Խմբի կազմում ընդգրկվել են Հայաստանի և Ռուսաստանի չորսական ներկայացուցիչ։
Աշխատանքային խումբը երեք ամսվա ընթացքում պետք է քննարկի երկաթուղու կառավարման արդյունավետության հարցերը, առաջարկի հնարավոր լուծումներ և նախանշի հետագա քայլերը։ Որոշումը հաջորդել էր վարչապետի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հանդիպմանը։
Աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել նոյեմբերի 17-ին Երևանում։ Կողմերը քննարկել էին երկաթուղային ցանցի զարգացման, բեռնափոխադրումների ծավալների ավելացման, տարածաշրջանային մրցակցության և ներդրումների վերադարձելիության ապահովման հարցերը։
Բելոզյորովը հոկտեմբերի 14-ին հայտարարել էր, որ հայկական կողմի հետ բանակցություններում կոնցեսիայի պահպանման կամ դադարեցման հարց չի բարձրացվել։ Կողմերը քննարկել էին նաև Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևանի սահման երկաթուղային հատվածների վերակառուցման նախագծերը։
Փաշինյանը հոկտեմբերի 8-ին հայտնել էր, որ այդ երկաթուղային հատվածների վերականգնման աշխատանքների նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել նաև ղազախական ընկերություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







