Փարիզի վերաքննիչ դատարանը մերժել է ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեի բողոքը՝ ուժի մեջ թողնելով դերասանուհի Շառլոտ Առնուին բռնաբարելու մեղադրանքով գործը դատարան ուղարկելու որոշումը, հայտնում է Reuters-ը։ Որոշումը հրապարակվել է նոյեմբերի 26-ին։
Գործը վերաբերում է 2018 թվականի օգոստոսի 7-ին դերասանի փարիզյան տանը ենթադրաբար կատարված բռնաբարությանը։ Դեպարդիեն հերքում է մեղադրանքը։ Նրա փաստաբան Դավիդ-Օլիվիե Կամինսկին հայտնել է, որ պաշտպանությունը քննարկում է Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունը։
Առնուն Դեպարդիեին մեղադրել էր նաև օգոստոսի 13-ին կատարված բռնաբարության մեջ։ Վերաքննիչ դատարանը մերժել է այդ դրվագով մեղադրանքը՝ ուժի մեջ թողնելով առաջին դրվագով գործը դատարան ուղարկելու որոշումը։ Առնուն դեպքերի ժամանակ 22 տարեկան էր։ Մեղավոր ճանաչվելու դեպքում 77-ամյա դերասանին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
Սա դերասանի նկատմամբ առանձին գործ է։ Նոյեմբերի 16-ին Դեպարդիեն հրաժարվել էր մեկ այլ գործով դատավճիռը բողոքարկելուց։ Դատարանը նրան 18 ամսվա պայմանական ազատազրկման էր դատապարտել 2021 թվականին ֆիլմի նկարահանումների ժամանակ երկու կնոջ նկատմամբ սեռական ոտնձգությունների համար։ Դերասանը նաև հրապարակային ներողություն էր խնդրել նկարահանումների ժամանակ իր պահվածքի համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։





