Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին հերքել է Քուվեյթի հայտարարություններն այն մասին, որ Թեհրանը հարված է հասցրել երկրի տարածքում գտնվող օբյեկտներից մեկին, հայտնում է IRNA-ն։
Նա ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը տարածաշրջանում որևէ ռազմական կամ հարձակողական գործողություն չեն իրականացրել։
«Նման մեղադրանքները, հաշվի առնելով ԱՄՆ-ի և Իսրայելի՝ այլոց անունից գործողություններ իրականացնելու գործելակերպը, օգտագործվում են որպես քողարկման միջոց՝ Մերձավոր Արևելքում լարվածություն հրահրելու և իրավիճակն ապակայունացնելու համար»,- գործակալությունը մեջբերում է Շեքարչիի խոսքերը։
Ինչպես հայտնել է Reuters-ը, ավելի վաղ Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ երկրի տարածքում գտնվող «կարևոր օբյեկտի» վրա Իրանի հարձակման հետևանքով ստացած վնասվածքներից երկու իտալացի է մահացել։ Հարվածի հետևանքով վիրավորվել է ևս երկու մարդ՝ Քուվեյթի և Պակիստանի քաղաքացիներ։
Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ զոհված իտալացիները գերմանական Rheinmetall պաշտպանական ընկերության իտալական ստորաբաժանման տեխնիկական մասնագետներ էին։ Նրա խոսքով՝ նրանք աշխատում էին Քուվեյթում հակաօդային պաշտպանության դիտարկման կայանում, երբ այն դարձել է իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակման թիրախ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







