«Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանը հայտնել է, որ ստանձնել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան ինստիտուտ) տնօրենի պաշտոնը։
Ավելի ուշ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը պարզաբանել է, որ նշանակումը չի վերաբերում Հայաստանին պատկանող Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարանին, որտեղ կադրային փոփոխություններ չեն կատարվել։ Նախարարության տվյալներով՝ գործարանը և ինստիտուտը տարբեր ընկերություններ են, իսկ ինստիտուտի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Ռուսաստանի պետական գույքի կառավարման դաշնային գործակալությանը (Ռոսիմուշչեստվո)։
Ինստիտուտը հիմնադրվել է 1956 թվականին, առաջին տնօրենը ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանն էր։
Խորհրդային տարիներին ինստիտուտում ստեղծվել են «Արագած», «Հրազդան» և «Նաիրի» համակարգիչները, կատարվել են ԽՍՀՄ պաշտպանության նախարարության պատվերներ։ Ինստիտուտում 1980-ականների վերջին աշխատում էր մոտ 7000 մարդ։
Ինստիտուտը Ռուսաստանին է փոխանցվել 2002 թվականի նոյեմբերին ստորագրված «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրով։ Համաձայնագրով ինստիտուտը գնահատվել է ընդամենը 2,75 մլն դոլար։
ԶԼՄ-ները հայտնել էին, որ 2026 թվականի հունվարից ինստիտուտի կառավարումը կրկին ստանձնել է ռուսական «Սիտրոնիքս» ընկերությունը, որը 2023 թվականից ԱՄՆ պատժամիջոցների ներքո է։
Արզաքանցյանը կրթությունը ստացել է անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







