ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել, տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Տոնոյանը մեղադրվում է ՔՕ 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցնելու ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել։ 2003 թվականի Քրեական օրենսգրքի համաձայն՝ արարքը ենթադրում է մինչև 6 տարվա ազատազրկում։
Նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության այդ ժամանակվա պետ Նորայր Յոլչյանին։ Նա մեղադրվում է Տոնոյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման հարցում օժանդակելու մեջ (38-308 հոդված)։
Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոցներ կիրառվել են բացակայելու արգելքը և գրավը։ Գրավի չափը դատական տեղեկատվական համակարգում նշված չէ։
Հակակոռուպցիոն կոմիտեի քննած գործը Հակակոռուպցիոն դատարան է ստացվել նոյեմբերի 24-ին և մակագրվել դատավոր Արամ Գրիգորյանին։
Տոնոյանը 2018-ի մայիսից մինչև 2020-ի նոյեմբերի 20-ն զբաղեցրել էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը: Պաշտպանության նախկին նախարարին ձերբակալել էին 2021-ի սեպտեմբերին: ԱԱԾ-ում քրեական գործ էր հարուցվել ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես՝ անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու, 2 մլրդ 277 մլն 323 հազար 840 դրամ (մոտ 4,6 մլն դոլար) գումար հափշտակելու, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։
Քրեական գործի շրջանակներում, ընդհանուր առմամբ, մեղադրանք էր առաջադրվել 7 անձի, այդ թվում՝ Տոնոյանին։ Տոնոյանին 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ էին արձակել 2024-ի օգոստոսին։
Տոնոյանը հերքել էր անպիտան հրթիռներ ձեռք բերելու մեղադրանքները՝ պնդելով, որ դրանք կիրառման համար պիտանի էին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







