Ռեժիսոր Բարեդ Մարոնյանի «Ցեղասպանություն 2.0․ էթնիկ զտում Արցախում» վավերագրական ֆիլմն ԱՄՆ-ում անցկացված Chagrin Documentary Film Festival կինոփառատոնում հաղթել է «Լավագույն սոցիալական նշանակության վավերագրական ֆիլմ» անվանակարգում, տեղեկանում ենք փառատոնի արդյունքներից։
Լիամետրաժ վավերագրական ֆիլմը պատմում է 2020 թվականի արցախյան պատերազմի, հաջորդած շրջափակման, 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի՝ Արցախի դեմ հարձակման և հայ բնակչության համար այդ ամենի հետևանքների մասին։ Ֆիլմը նվիրված է Արցախից ավելի քան 100 000 հայի բռնի տեղահանությանը։
Կինոփառատոնն անցկացվել է հոկտեմբերի 6-11-ը՝ ԱՄՆ Օհայո նահանգի Չագրին Ֆոլս քաղաքում։ Ֆիլմի ցուցադրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 7-ին և 8-ին։
Մարոնյանն ամերիկահայ ռեժիսոր է։ «Ցեղասպանություն 2.0»-ն եզրափակում է հայ ժողովրդի պատմությանն ու ճակատագրին նվիրված նրա եռագրությունը, որում ընդգրկված են նաև «Ցեղասպանության որբերը» (Orphans of the Genocide) և «1915 թվականի կանայք» (Women of 1915) ֆիլմերը։
Ավելի վաղ՝ հունիսի 10-ին, ֆիլմը ցուցադրվել էր ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Նյուտոն քաղաքի West Newton Cinema կինոթատրոնում։ Ցուցադրությանը ներկա էին շուրջ 100 հայ և այլ համայնքների ներկայացուցիչներ։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնատեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







