Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դպրոցական միասնական համազգեստ կրելու պահանջի շուրջ տեղի ունեցած միջադեպերի հետևանքով 37 մարդ է ձերբակալվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը (ՆԳՆ)։
ՆԳՆ տվյալներով՝ բողոքի ակցիաների առնչությամբ քրեական գործ է հարուցվել հասարակական կարգի խախտման հանգեցրած գործողություններ կազմակերպելու կամ դրանց ակտիվորեն մասնակցելու հոդվածով։ Գերատեսչությունը տեղի ունեցածն անվանել է «հասարակական կարգի կոպիտ խախտման դեպքեր», որոնք արձանագրվել են «դպրոցական միասնական համազգեստի ներդրման սահմանված կանոնների կիրառմանը խոչընդոտելու հետևանքով»։
Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի կառավարությունն ընդունել էր «Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների համազգեստի նկարագրության մասին» որոշումը, համաձայն որի՝ «չի թույլատրվում օգտագործել հագուստի այնպիսի տարրեր, որոնք խախտում են հաստատված դպրոցական համազգեստի միասնականությունը և չեն համապատասխանում հանրակրթության աշխարհիկ բնույթի սկզբունքին»։
Հոկտեմբերի 6-ին կառավարության ընդունած մեկ այլ որոշում վերաբերել է պետական դպրոցների մանկավարժների արտաքին տեսքին ներկայացվող պահանջներին և նախատեսել «գործնական ոճի ու կրթության աշխարհիկության սկզբունքի պահպանում»։
Ինչպես գրում է Meydan TV-ն, հոկտեմբերի սկզբին սոցիալական ցանցերում սկսել էին տարածվել տեսանյութեր, որոնցում, ենթադրաբար, պատկերված են հիջաբ կրող աղջիկներին դասերին մասնակցել թույլ չտալու պատճառով առաջացած բախումները։ Հոկտեմբերի 9-ին հրապարակվել էին Բաքվի դպրոցներից մեկի մոտ անցկացված բողոքի ակցիայի տեսագրությունները։
Հոկտեմբերի 12-ին դպրոցներում բողոքի ակցիաները շարունակվել են։ Մասնավորապես, սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես են ակցիայի մասնակիցները կոտրում դպրոցի դռները։
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Բաքվի Ղարադաղի շրջանում հրկիզվել է միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենի ավտոմեքենան։ Հաղորդվել է նաև, որ հոկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանում խնդիրներ են առաջացել Instagram և TikTok սոցիալական ցանցերի հասանելիության հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



