Ստամբուլի Քարթալ շրջանում գտնվող Քոշույոլու ուսումնական և հետազոտական հիվանդանոցի տանիքում հրդեհ է բռնկվել, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Քոշույոլու հիվանդանոցը Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից է։ Այն գտնվում է Ստամբուլի ասիական հատվածում և հիվանդներ է ընդունում երկրի տարբեր շրջաններից։
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ հրդեհը բռնկվել է պոլիկլինիկայի լրացուցիչ մասնաշենքի տանիքում։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական խմբեր։
Թուրքական լրատվամիջոցի խմբագիր Արիֆ Բայգութն ուղիղ եթերում հայտնել է, որ հրդեհի հետևանքով առաջացած թանձր ծուխը տարածվել է շրջակա տարածքում։
«Այս պահին գիտենք, որ հրդեհի օջախը պոլիկլինիկայի լրացուցիչ մասնաշենքի տանիքում է։ Հրդեհի պատճառը դեռ պարզված չէ։ Թանձր ծուխն արդեն պատել է շրջակայքը։ Հրշեջները ժամանել են դեպքի վայր և շարունակում են աշխատանքը։ Մեծ ջանքեր են գործադրվում, որպեսզի կրակը չտարածվի ստորին հարկեր և հիվանդանոցի հիմնական մասնաշենքեր»,- ասել է նա։
Հիվանդներին տարհանել են։ Նախնական տեղեկություններով՝ տուժածների մասին հաղորդումներ չկան։ Հրդեհի պատճառը պարզվում է։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հրդեհը մարվել է։ Այն բռնկվել էր վերանորոգվող, դատարկ լրացուցիչ մասնաշենքի տանիքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







