Երևանի և Հայաստանի համար հնարավոր է խաղաղություն հաստատել առանց զիջումների, իսկ մայրաքաղաքը պետք է դառնա պետության վերելքի և ապագա հաղթանակների շարժիչ ուժն ու կենտրոնը, ասվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Երևանի 2808-ամյակի առթիվ տարածած հայտարարությունում։
«Երևանը սիրո քաղաք է։ Երևանցիները խաղաղություն են ցանկանում։ Մեր սիրելի Երևանի և Հայաստանի համար հնարավոր է խաղաղություն հաստատել առանց զիջումների»,- ասվում է հայտարարությունում։
Առանց զիջումների խաղաղությունը կուսակցությունն անվանել է իր քաղաքական դիրքորոշումն ու ռազմավարական նպատակը։
Կուսակցությունը Երևանն անվանել է յուրաքանչյուր հայի տուն, համայն հայության մայրաքաղաք, աշխարհասփյուռ հայերի ազգային իղձերի, պատմական հիշողության և քաղաքական կամքի կենտրոն։ Հայտարարության համաձայն՝ Երևանը երկրի սիրտն է, պատմության, մշակույթի և պետականության կենդանի վկայությունը, որի պատմական դիմագիծը պետք է պահպանել։
«Ուժեղ Հայաստանը» հայտարարել է, որ ամեն օր աշխատում է հանուն «Ուժեղ Երևանի»՝ ուժեղ Հայաստանի մայրաքաղաքի, որտեղ մարդիկ ապրում են ապահով, բարեկեցիկ և արժանապատիվ պայմաններում։
«Երևանը պետք է դառնա մեր պետության վերելքի, ինքնավստահության և ապագա հաղթանակների շարժիչ ուժն ու կենտրոնը»,- ասվում է հայտարարությունում։
Երևանի 2808-ամյակի առթիվ առանձին ուղերձ է հղել նաև կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Նրա խոսքով՝ մայրաքաղաքը պետք է պահպանի իր հայկական դիմագիծն ու ինքնությունը, հին Երևանի հոգին և, միաժամանակ, զարգանա որպես ժամանակակից, կանաչ ու տնտեսապես հզոր քաղաք։
«Մեր մայրաքաղաքն արժանի է մեծ մտածողության ու մեծ ծրագրերի։ Պետք է վերջ տալ ուրբանիստական տեռորին, պահպանել հին Երևանի հոգին և կառուցել ժամանակակից, կանաչ, տնտեսապես հզոր քաղաք, որտեղ հարմար է ապրել, աշխատել ու մեծացնել երեխաներին»,- գրել է Կարապետյանը։
Նա ընդգծել է, որ Երևանը «եղել ու մնալու է համայն հայության մտքի, մշակույթի, ուժի ու մեծ փոփոխությունների կենտրոն»։
«Եվ Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու»,- եզրափակել է Կարապետյանը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ «Խաղաղություն առանց զիջումների» ծրագիրը կներկայացնի մոտ երկու շաբաթից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







