Իշխանությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնում դիտարկում է Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը, գրել է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ջորկաեֆը Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոսն է, Դեսին-Շարպիո քաղաքի փոխքաղաքապետը։ Նախկինում զբաղեցրել է ՀՖՖ նախագահի խորհրդականի պաշտոնը։ Նա Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն դարձած Յուրի Ջորկաեֆի եղբայրն է։
Թերթի տվյալներով՝ Ջորկաեֆը հայերեն չի խոսում, ինչը խնդիր է։ Նշենք, որ ՀՖՖ կանոնադրության համաձայն՝ ֆեդերացիայի նախագահի թեկնածուն պետք է տիրապետի հայերենին, լինի ՀՀ քաղաքացի, վերջին մեկ տարում մշտապես բնակված լինի Հայաստանում։
ՀՖՖ փոխնախագահի պաշտոնի համար, ըստ «Հրապարակի», շրջանառվում է նախկին ֆուտբոլիստ, ՀՖՖ Ավանի տեխնիկական կենտրոն-ակադեմիայի տնօրեն Արսեն Բալաբեկյանի անունը։
Պարբերականի փոխանցմամբ՝ դեկտեմբերին հրավիրված ՀՖՖ ժողովում ընտրվելու են ֆեդերացիայի նոր նախագահն ու գործադիր կոմիտեն։
ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը հունիսին հայտարարել էր, որ չի դիտարկում կրկին առաջադրվելու տարբերակը։ Մինչ այդ հավաքականի երկրպագուները մի քանի անգամ ակցիաներ էին իրականացրել՝ պահանջելով նրա հեռացումը։ Մելիքբեկյանի հեռացման պահանջով դժգոհությունների ալիք էր սկսվել հատկապես 2025 թվականի մարտին, երբ Վրաստանի հավաքականից կրած պարտությունից հետո Հայաստանի հավաքականի երկրպագուները ներխուժել էին խաղադաշտ, իսկ տրիբունաներում բախումներ էին սկսվել։
ՀՖՖ նախագահի հրաժարականին էին միացել նաև Հայաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող մի շարք ակումբներ։
ԶԼՄ-ները հուլիսին գրել էին, որ ՀՖՖ նախագահի պաշտոնի հավակնորդների թվում շրջանառվում են «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ներակայացուցիչներից ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Հակոբ Սիմիդյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի անունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







