ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Սանամյանին ազատել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի տեղակալի պաշտոնից։
Որոշման մեջ ազատման պատճառը նշված չէ։ ԱԱԾ-ից նույնպես չեն մեկնաբանել պաշտոնանկությունը։ Պաշտոնանկությունը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Շաքի գյուղի ընտանիքի վրա ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի հարձակումից մի քանի օր անց։
Սանամյանն ԱԱԾ տնօրենի տեղակալ էր նշանակվել 2025 թվականի օգոստոսի 29-ին։ Նախկինում նա ղեկավարել էր ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտը և համակարգել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբը։
Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը, որը հայտնվել էր Շաքի գյուղում, հոկտեմբերի 1-ին կրակել էր 39-ամյա Անի Ավետիսյանին։ Ավետիսյանի հարազատները ԶԼՄ-ներին ավելի ուշ պատմել էին, որ ադրբեջանցին Ավետիսյանի երկու երեխային պատանդ էր վերցրել, իսկ Ավետիսյանը նրանց պաշտպանելիս վնասվածք էր ստացել ոչ միայն ոտքի շրջանում, այլև կորցրել էր ձախ ձեռքի 3 մատը։ Նա վիրահատությունների փուլում է։
Երեխաներից երկուսը նույնպես մարմնական վնասվածքներ էին ստացել։ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել, Մուսաևը երկու ամսով կալանավորել էր, նրան մեղադրանք էր առաջադրել հինգ հոդվածով։
Ադրբեջանի իրավապահ մարմինների տվյալներով՝ Մուսաևն անհետացել էր սեպտեմբերի 26-ին։ Միևնույն ժամանակ՝ դեռևս պարզ չէ, թե կոնկրետ ե՞րբ էր նա հատել Հայաստանի սահմանը և մինչ հարձակումը քանի՞ օր էր գտնվել Հայաստանի տարածքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







