Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ-Քեյնին, հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Ուայթ-Քեյնը Հայաստանում է «Աղոթքի նախաճաշին» մասնակցելու նպատակով։ Նա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է պատարագի, որից հետո հանդիպել կաթողիկոսի հետ։
Հանդիպման ընթացքում Գարեգին Բ-ն ողջունել է հյուրի այցը Հայաստան՝ նշելով, որ դա լավ հնարավորություն է ծանոթանալու այն երկրին, որն առաջինն է քրիստոնեությունն ընդունել՝ որպես պետական կրոն, ինչպես նաև հայ ժողովրդին և նրա հարուստ հոգևոր ու մշակութային ժառանգությանը։
Կաթողիկոսը նաև գոհունակություն է հայտնել Ուայթ-Քեյնի ջանքերի առնչությամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Միացյալ Նահանգների հայ հոգևոր առաջնորդների հանդիպման կազմակերպման հարցում։
Հաղորդագրության համաձայն՝ կողմերն ընդգծել են կրոնի և հոգևոր արժեքների կարևոր դերը ժողովուրդների համար անվտանգ, բարեկեցիկ և առաջընթաց կյանք կառուցելու գործում։ Նրանք նաև կարևորել են հոգևոր առաջնորդների համատեղ ջանքերը՝ հանուն աշխարհի ժողովուրդների խաղաղության և լուսավոր ապագայի։
Սպիտակ տան ներկայացուցիչը կիսվել է պատարագից ստացած իր տպավորություններով և անդրադարձել Հայաստանի քրիստոնեական հարուստ ժառանգությանը՝ որպես հայ ժողովրդի հավատքի կենդանի վկայության, ասվում է հաղորդագրության մեջ։
Հայաստան կատարած այցի շրջանակում Ուայթ-Քեյնն ավելի վաղ հանդիպել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Փաշինյանը, մասնավորապես, ընդգծել էր Սպիտակ տան հավատի հարցերի գրասենյակի հետ ձևավորված երկխոսության կարևորությունը և ողջունել Թրամփի հանդիպումն ԱՄՆ հայ հոգևոր առաջնորդների հետ։
Իր հերթին՝ Ուայթ-Քեյնը նշել էր, որ հետաքրքրված է ինչպես Հայաստանի կառավարության, այնպես էլ հայկական համայնքների հետ սերտ համագործակցությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







