Սիսիան համայնքի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի ներխուժման և բնակչուհուն ու նրա երեխաներին վնասվածքներ հասցնելու դեպքով նախօրեին նախաձեռնված քրեական վարույթին ևս մեկ վարույթ է ավելացել, Armenia Today-ը տեղեկացել է ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նոր՝ երկրորդ վարույթը, նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 3 տարով-խմբ․) և 340-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի մաքսանենգություն, առավելագույն պատիժն ազատազրկում՝ 6 տարով-խմբ․):
Երկու նոր հոդվածով նախաձեռնված այս վարույթը միացվել է հոկտեմբերի 1-ին նախաձեռնված մայր վարույթին, որը ներառում էր 3 հոդված։ Ընդհանուր վարույթը 5 հոդված է ներառում։
Դատախազությունից Armenia Today-ին նախօրեին տեղեկացրել էին, որ դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով։ Նշված հոդվածներով առավելագույն պատիժները համապատասխանաբար 10, 5 և 2 տարվա ազատազրկում են նախատեսում։
ՀՀ սահմանը հատած ադրբեջացի զինծառայողը Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևն է։ Շաքի գյուղում հոկտեմբերի 1-ին նա կրակել էր հայ կնոջ վրա, ավելի ուշ դատախազությունից հայտնել էին, որ տուժել են նաև նրա երեխաները։ Զինծառայողը ձերբակալված է։ Ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)՝ ադրբեջանական կողմը զինծառայողի՝ ծառայության վայրը լքելու մասին հայկական կողմին հայտնել էր դեռ սեպտեմբերի 29-ին, որից հետո որոնողական աշխատանքներ էին սկսվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



